Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4 մլն դոլար՝ արտասահմանցիներից խորհուրդ հարցնելու համար. ԱԺ-ում քննադատում են նոր վարկը

Սեպտեմբեր 10,2014 18:06

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի մայիսի 23-ին ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված Կրթության բարելավման ծրագիրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: 24.8 մլն դոլար վարկային միջոցներն ուղղվելու են նախադպրոցական, դպրոցական, բուհական խնդիրների լուծմանը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց, թե կոնկրետ ինչ են անելու այդ վարկով. «Շինարարական աշխատանքների համար նախատեսված է 17 մլն դոլար, ապրանքների ձեռքբերման համար՝ 7 մլն 330 հազար դոլար, խորհրդատվության համար, այդ թվում նաեւ միջազգային խորհրդատվության համար՝ 4 մլն 181 հազար դոլար, դրամաշնորհների համար 7 մլն 580 հազար դոլար, վերապատրաստման համար՝ 560 հազար դոլար, գործառնական ծախսերի համար 569 հազար դոլար: 20 տոկոսի չափով էլ պետք է համաֆինանսավորի պետբյուջեն՝ 5 տարիների ընթացքում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է  այդ վարկային միջոցների հաշվին հիմնանորոգել Արարատի մարզի դպրոցներից մեկը, որը ծայրահեղ ծանր վիճակում է: Նա ասաց, որ ուսումնական պրոցեսի մասնակիցների գլխին առաստաղից ջուր եւ այլ նյութեր են թափվում: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ դա հնարավոր է:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հարցրեց. «Սրանով արտաքին պարտք ենք ավելացնում, ձեր մոտ՝ կառավարության մեջ, գոնե մի հոգի մտահոգվե՞լ է, որ սրանով պետական պարտքն ավելի է մեծանում»: Նախարարը վստահեցրեց, որ ամեն անգամ վարկային միջոցներ վերցնելիս զգում են կրկնակի պատասխանատվություն. «Բարեփոխումների զգալի ծավալը Հայաստանում մեկնարկել է տարիներ առաջ: Կրթության ոլորտի հատկացումները ճգնաժամային եւ հետճգնաժամային տարիներին չեն կրճատվել, սակայն բավարար չեն եղել մեկնարկած բարեփոխումները մինչեւ վերջ տանելու համար»: Նա, որպես օրինակ բերեց ավագ դպրոցների բարեփոխումները, որոնք կիսատ են մնացել:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին հետաքրքրում էր, թե այդ վարկային միջոցներից որքա՞նն են ծախսելու Երեւանի դպրոցների, ո՞ր մասը մարզային դպրոցների համար. «Կա՞ կոնկրետ դպրոցների քանակ»: Արմեն Աշոտյանն ասաց, որ միջոցները հավասարաչափ բաշխվելու են Հայաստանով մեկ. «Առնվազն ամեն մարզից մեկ ավագ դպրոց է վերակառուցվելու, Լոռիում եւ Շիրակում նախատեսել ենք 2-ական դպրոց, մնացած գումարներն ուղղվելու են Երեւան: 17-20 դպրոց է ընդհանուր առմամբ: Հաշվի են առնվելու, թե տվյալ բնակավայրում այդ դպրոցը կրթության ինչպիսի նախապատմություն ունի»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը դժգոհեց, որ 4 մլն դոլար տալու են՝ միայն խորհուրդ հարցնելու համար. «4 մլն դոլար տալ մենակ խորհրդատվության համար, այն իրավիճակում, երբ մեր դպրոցներում կան բազմաթիվ խնդիրներ, սահմանամերձ գյուղերի դպրոցները քանդված վիճակում են, խնդիրներ կան աշակերտների, ուսուցիչների, ամեն ինչի հետ կապված: Դուք նախարար եք, շատ լավ գիտեք: Բայց այդքան գումարը մեր պետությունը կրկին վերցնի արտաքին պարտք, եւ այդ գումարից 4 մլն դոլար կտրամադրվի խորհրդատվությանը, չե՞ք կարծում, որ շարունակվում է այդ տխրահռչակ քաղաքականությունը խորհրդատվություններով գումարներ փախցնելու: Սոցապնախարարն էլ ասաց, որ 1 մլն 100 հազար դոլար խորհրդատվության համար էր կրկին ծախսում: Ստացվում է, որ կառավարությւոնը 5 մլն 100 հազար դոլար խորհրդատվության համար է ծախսում՝ պարտքերն էլ թողելով մեր ապագա սերունդների՝ մեր վզին»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես թաքցնելու բան չունեմ: Եթե դուք ուզում եք հետեւել այդ միջոցների ծախսին, դուք այդ իրավասությունը ունեք: Կարող եք հետեւել բյուջեի հաշվետվության ժամանակ, ՎՊ տարեկան զեկույցի ժամանակ կամ ինքներդ հայտնաբերելով խնդիրներ»: Ըստ Արմեն Աշոտյանի, ցանկացած շինարարություն պահանջում է  լրջագույն խորհրդատվություն եւ մոնիտորինգ:

Հեղինե Բիշարյանի համար վարկային միջոցները շատ քիչ էին, ուստի առաջարկեց ամբողջ գումարով մի խնդիր լուծել, որպեսզի արդյունքն ավելի շոշափելի լինի: Ենթադրենք` միայն ավագ դպրոցներին ուղղվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930