Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագիծն ընդհանուր առմամբ ողջունելի է». Աշխատանքային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների եւ լրացումների մասին

Սեպտեմբեր 10,2014 18:11

«Նախագիծն ընդհանուր առմամբ ողջունելի է»,- լրագրողներին ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Խոսքը աշխատանքային օրենսգրքում նախատեսվելիք փոփոխությունների եւ լրացումների նախագծի մասին է:

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր այս թեմայով քննարկում էր կազմակերպվել «Մեդիա» կենտրոնում:

«Այն նորմերը, որոնք համապատասխանեցված են, վերանայված եվրոպական սոցիալական  չափանիշներին,  միանգամայն ողջունելի են, բայց այս նախագծով էլ կան որոշակի փոփոխություններ կամ օրենսգրքում կան որոշակի խնդիրներ, որոնց լուծումն այս նախագիծը չի տվել»,- ասում է Հերիքնազ Տիգրանյանը:

Նա մատնանշում է  օրենսգրքի այն հատվածը, որով նշված է, որ ֆիզիկական անձ գործատուի մահանալուց հետո աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են մահացածի իրավահաջորդի հետ. մինչեւ իրավահաջորդության խնդիր լուծելը աշխատողի կարգավիճակն անորոշ է մնում:

«Տարբերակված մոտեցում կա, երբ գործատուն որոշում է աշխատողին աշխատանքից ազատել, օրինակ՝ զբաղեցրած պաշտոնի անհամապատասխանության հիմքով, եւ պիտի ծանուցի աշխատողին այդ մասին, որպեսզի աշխատողն ունենա ժամանակ՝ փնտրելու այլ աշխատանք, բայց օրենսդիրը չի սահմանում միասնական ժամկետ, այլ այդ ժամկետը պայմանավորում է, թե այդ աշխատողը քանի տարի է աշխատել գործատուի մոտ: Ստացվում է, որ կախված աշխատանքային ստաժից, ես ունեմ տարբերակված մոտեցում, ստացվում է աշխատողների անիրավահավասարություն, եւ աշխատանքի ընդունման սահմանադրությամբ ամրագրված ազատության սկզբունքը խախտվում է»,- ներկայացնում է Հերիքնազ Տիգրանյանը:

Նա նաեւ նշում է, որ օրենսգիրքն ունի խմբագրական խնդիրներ, որոնք առաջարկված փաթեթով չեն լուծվում. «Փաթեթում չկա անդրադարձը «աշխատանքային տեսչություն»  տերմինի հետ կապված: Բոլորս գիտենք, որ այդ մարմինը փոխվել է, բայց կան դրույթներ, 119 հոդվածը՝ Արհմիության հոդվածը, երբ արհմիության ներկայացուցչին աշխատանքից ազատելիս պետք է դիմի տեսչությանը»:

ՀՀ  ագրոարհմիության ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանն էլ նշում է, որ կարեւոր է, որ օրենսդրական այս փոփոխությամբ պետք է կարգավորվեն նաեւ  աշխատանքային կոլեկտիվ հարաբերությունները՝ աշխատանքային կոլեկտիվի եւ գործատուի միջեւ եղած իրավահարաբերությունները.  «Դրանից բխում է ոչ միայն իրավական հարաբերությունները, այլ նաեւ սոցիալական հարաբերությունները»,- ասում է նա:

ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանն էլ նշում է եղած օրենսդրության բացերից մեկը. «Հարկադիր աշխատանքի սահմանման խնդիրն է: Հայաստանի Հանրապետությունում ե՛ւ սահմանադրությամբ, ե՛ւ օրենսգրքով հարկադիր աշխատանքը եւ պարտադիր աշխատանքը արգելված են, բայց եթե փորձենք պարզել, թե դա ինչ է իրենից ներկայացնում՝ հարկադիր աշխատանքը, որն ունի իր հետեւանքները, մենք ՀՀ օրենսդրության ոչ մի իրավական ակտում նման դրույթ չենք գտնի: Դա ամրագրված է միայն աշխատանքային միջազգային կազմակերպության 29-րդ կոնվենցիայում, որի հետ ծանոթ են միայն նեղ մասնագետները»,- ասում է նա, ավելացնում, որ նոր օրենսդրությունը պետք է նաեւ այս բացը լրացնի:

Aravot.am-ի հարցին՝ արդյո՞ք օրենսդրական  փոփոխությունները նախատեսված չեն նաեւ կրճատելու ստվերային տնտեսությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց, որ աշխատողի եւ գործատուի իրավահարաբերությունը պարզեցնելով՝  ձեւավորվում է ավելի թափանցիկ օրինական դաշտ, որը պետք է նպաստի ստվերի կրճատմանը:

«Միայն օրենսգրքի իրավական նորմերը  փոխելով հնարավոր չէ այդ դաշտում հասնել ստվերի բացարձակ կրճատման,- ասում է նա՝ ավելացնելով,- Մենք խոսում ենք պետական, իրավական կարգավորման մասին, բայց հասարակական ընկալումները, այդ հարաբերությունների զարգացման մակարդակը, մեր սովորույթները եւս շատ կարեւոր են»:

Պարոն Ավետիսյանը նաեւ նշեց, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը ոչ թե աշխատողի կամ գործատուի իրավունքների գերակայության ամրագրումն է, այլ երկու կողմերի իրավահավասարության ձեւավորումը:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930