Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մեժլում Երիցյանը զարմացած է Երեւանի պետական համալսարանում կատարված փոփոխությամբ: « Չի կարելի «էստի համեցեք»-ով բաժիններ բացել եւ գիտությունը այդպես վարկաբեկել: Չէ՞ որ այն երկիրն է հզոր, որն ունի հզոր քիմիական արդյունաբերություն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է քիմիկոսը: Նրա ձեւակերպմամբ. «Ժամանակին համալսարանը համալսարան է դարձել իր հիմնական մի քանի ֆակուլտետներով՝ քիմիական, կենսաբանական, ֆիզմաթ … Այսօր բերել, քիմիան դարձնել ածանցյալ, քիմիայի ֆակուլտետը վերցնել ու դարձնել դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետ, ճիշտ չէ: Հայաստանը միշտ եղել է քիմիայի հանրապետություն»:
Քիմիական գիտությունների դոկտորի խոսքերով. «Աշխարհի բոլոր համալսարաններում գոյություն ունի քիմիական ֆակուլտետ, քիմիականը հիմնականն է, նրանի՛ց ածանցվում են մյուսները: Իսկ ածանցյալը հիմնական լինել չի կարող: ԵՊՀ քիմիական ֆակուլտետը միշտ համարվել է համալսարանի առաջադեմ ֆակուլտետներից մեկը, այդ ֆակուլտետը քիմիկոս-գիտնականների պատրաստման գործում տարիներ շարունակ լուրջ դեր է ունեցել: Ինչպե՞ս կարելի էր այն փոխարինել դեղագիտությամբ: Դեղագիտական քիմիան գործում է նաեւ Երեւանի բժշկական համալսարանում, տարբեր կրթական հաստատություններ նույնպես պատրաստում են նման մասնագետներ: Եվ եթե համալսարանը ուզում է , թող ինքն էլ պատրաստի, բայց քիմիական ֆակուլտետը պետք է պահպանի իր դեմքը, անունն եւ կենսագրությունը»: Գիտնականը նաեւ ցավ է հայտնում. «Մենք ապրում ենք ողբերգական ժամանակաշրջանում, երբ քիմիան որպես գիտություն Հայաստանում տեղ չունի, այն դեպքում, երբ աշխարհի բոլոր երկրներում այն առաջնահերթություն է իբրեւ գիտություն: Հիմա ի՞նչ անենք, որ մի քիչ ճնշված ենք քիմիկոսներս: Ժամանակի ընթացքում բոլոր այդ հարցերը կճշտվեն, բայց դա չի նշանակում, թե հիմա պետք է քիմիան մոռանալ ու համարել երկրորդական գիտություն: Դա բարոյական չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Եթե ԵՊՀ-ն ղեկավարում է մասնագիտությամբ պատմաբան ռեկտորը, որը քիմիայից շատ հեռու կանգնած մարդ է, գոնե նա պետք է ունենա ղեկավարին հատուկ լայն մտահորիզոն և գնահատի գիտության ցանկացած ուղղության կարևորությունը: Ինչ վերաբերվում է քիմիային, ապա ռեկտորը պետք է լավ հիշի, որ մեր քիմիկոսները աչքի են ընկել ամբողջ ԽՍՄ-ում և Երևանում եղել են քիմիայի մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ` իրենց մեծաքանակ և հեղինակավոր գիտական կազմերով:
Հիմա գործից հեռու կանգնած և քիմիական գիտության նկատմամբ անտարբեր մարդը մոդայիկ քայլ է ուզում անել` ամեն գնով դիմորդների լրացուցիչ քանակ դեպի ԵՊՀ հրապուրելու համար, չհասկանալով, որ ֆակուլտետի անունից ավելի կարևոր գործոններ կան, որ դիմորդներին ետ են պահում դեպի իր ղեկավարած ԲՈՒՀ-ը գալու հարցում: Նա շուտով կհասկանա, որ քիմիական ֆակուլտետը վերացնելով, իր ուզած մոդայիկ դեղագիտության կշիռը ԵՊՀ-ում ինքնստինքյան չի ավելանա ու նա կկանգնի կոտրած տաշտակի առջև:
Նման անհեռատեսությունը կարող է դառը արդյունքներ տալ մոտ ապագայում: Ես լինելով Կենսաբան, քիմիան համարում եմ գիտության ամենահիմնական դիսցիպլիններից մեկը, առանց որի Հայաստանում արդեն անհետացող գիտությունը վերջնականապես կվերանա: Այսօր համալսարանի համար առաջնահերթ հարց է նման ռեկտորից և նման գիտխորհրդից ձերբազատվելու հարցը:
ԵՊՀ ապաշնորհ ռեկտորը ընդհանրապես ոչ մի բնագավառի մտահորիզոն չունի…
Նա առաջ է քաշվել հանրահայտ Լիսկայի միջնորդությամբ և նրա ոճով էլ ,աշխատում,, է…
Վերջին տարիներկն թալանվել է գրադարանի հնատիպ և հազվագյուտ գրականությունը, յուրացվել է մի քանի տասնյակ միլիոնի հասնող ուսանողական վարձավճարները և Մայր բուհը
հայտնվել է իրավապահների տեսադաշտում…
Իսկ Արամ Սիմոնյանը շարունակում է ԵՊՀ փլուզման աշխատանքները` վկան քիմիական ֆակուլտետի փաստացի փակումը…
Լինելով հհկ ,,գաղափարական,, ծանր հրետանի և Լիսկայի հովանավորյալ, նա ևս վերևների բարեհաճությունն է վայելում և նրա նման անվերահսկելի ու անկառավարելի է…
Ժամանակակից քիմիայի առանձին ուղղություններից են՝ անօրգանական քիմիան, ֆիզիկական քիմիան, օրգանական քիմիան, էլեկտրաքիմիան, վերլուծական քիմիան, դեղագիտական քիմիան, պոլիմերների քիմիան, կենսաքիմիան, ագրոքիմիան, երկրաքիմիան և այլն: Փաստորեն այդքանից միայն դեղագիտական քիմիայի անունն է ավելի մոդայիկ թվացել և այնքան մոդայիկ, որ նոր ֆակուլտետը նույնիսկ չեն անվանել “Քիմիայի և դեղագիտության ֆակուլտետ”, այլ անվանել են “Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ”: Ստացվում է, որ գլխավորը տեղավորում են պոչամասում, իսկ բաղադրիչը, երկրորդականը` սկզբում:
Զավեշտ եմ ասում, բայց եթե մի օր հանկարծ առաջանա քիմիայի այսպիսի մի ուղղություն` “Ստոմոտոլոգիական քիմիա”, ամենայն հավանականությամբ, այս նույն ռեկտորը ֆակուլտետը հիմա էլ կանվանափոխի “Ստոմոտոլոգիայի, դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ”, մեկ էլ տեսար Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդների մեծ մասը գայթակղվի ու գա սովորելու այս հնչեղ, նոր ֆակուլտետում: