Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց ամբաստանյալ Արթուր Սարգսյանի պաշտպան Բաբայանի միջնորդությունը: Նա միջնորդել էր կրկնակի փորձաքննություն անցկացնել, քանի որ, ըստ պաշտպանի, դատաձեռագրաբանական փորձաքննության ժամանակ փորձագետը սեւեռվել էր միայն «ա» եւ «ս» տառերի համադրման վրա, արձանագրել է, որ տարբերվող հատկանիշները էական չեն:
Պաշտպանը հարցնում էր, թե որո՞նք են տարբերվող հատկանիշները, գուցե 2-ն են, գուցե 22-ը: Նա դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը ի վիճակի չի եղել ստորագրության նմուշ տալ, եւ որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության տրամադրած ռուսերեն պաշտոնական բժշկական փաստաթղթի, նրա ճնշումը եղել է բարձր: Դատարանի ուշադրությանը պաշտպանը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ գործում առկա են եղել տուժող Հակոբ Գրիգորյանի 4 ստացականները, որից երկուսը՝ ռուսերեն: Ըստ պաշտպանի՝ ստացականը գրել է տուժողը, սակայն չգիտես ինչու ստորագրությունը եղել է Արթուր Սարգսյանինը: Արթուր Սարգսյանը, ներկայանալով կառավարության իրավաբանական վարչության պետ, 10 եւ ավելի հայտնի շինարարական ընկերություններից, ՍՊԸ-ներից վարկեր եւ գումարներ է ստացել: Տուժող Գեւորգյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Լիանա Գրիգորյանը հայտնեց, որ այս գործով գրեթե բոլոր տուժողները իրենց ցուցմունքներում տվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի անունը, հայտնել,որ գումարների տրամադրման, որոշ գործարքներ կատարելու համար տեղյակ է եղել Դավիթ Սարգսյանը, հետեւաբար միջնորդեց, որպեսզի նա ներկայանա դատարան, միեւնույն ժամանակ նշելով, որ նախաքննության ժամանակ Դավիթ Սարգսյանը ցուցմունք է տվել, մինչդեռ դատակոչի ցուցակում չկա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ