Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում են աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխություններն ու լրացումները

Սեպտեմբեր 10,2014 15:32

Պատրաստվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին նախագիծը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին քննարկում էր կազմակերպել «Մեդիա» կենտրոնը: «Ներկայիս նախագիծը շուրջ հիսուն հոդված է ներառում ՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ»,- ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը:

Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին: 2005 թվականի հունիսի 21-ին ուժի մեջ մտնելուց հետո օրենսգրքում 17 անգամ փոփոխություն և լրացում է կատարվել:

Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ օրենսգրքում փոփոխություններ են կատարվում երկու նպատակով. «Առաջին մասը վերաբերում է իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած որոշակի խնդիրներին: Որոշակի տարընթերցման կամ տարըմբռնման կետեր կան, որոնք ենթակա են փոփոխման, ավելի պարզեցման»,- ասաց պարոն Ավետիսյանը՝ նշելով, որ ԱՍՀ նախարարությունը մոնիթորինգներ, վերլուծություններ է իրականացնում, հավաքում տարբեր կարծիքներ, բողոքներ աշխատողներից, գործատուներից, հասարակական կազմակերպություններից, վերլուծում աշխատանքային վեճերին վերաբերող վիճակագրությունը եւ ըստ այդմ առաջարկում դրանց օրենսդրական կարգավորման հնարավորությունները:

Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ աշխատանքային օրենսգրքի փոփոխության պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Եվրոպական Սոցիալական խարտիան, Աշխատանքի միջազգային կազմակերպության մի շարք կոնվենցիաներ եւ վավերացնելով միջազգային իրավունքի այդ փաստաթղթերը՝ ձեռք է բերել նաեւ որոշակի պարտավորություններ եւ պետք է օրենսդրական դաշտը համապատասխանեցնի միջազգային փաստաթղթերում ամրագրվածին:

Խոսելով սպասվող փոփոխությունների մասին՝ նա նշեց. «Մասնավորապես անդրադարձ է կատարվել աշխատանքի ընդունման հետ կապված հարաբերություններին: Այսինքն՝ աշխատանքի ընդունման երկու փաստաթուղթ կա՝ աշխատանքային պայմանագիր եւ աշխատանքի ընդունման անձի անհատական իրավական ակտ: Հստակ տարանջատվել են այս երկու հնարավորությունները, հստակեցվել է, որպեսզի տարընթերցումները չխոչընդոտեն աշխատանքային հարաբերությունների ձեւավորմանը»:

Մյուս փոփոխությունը, ըստ քննարկման մասնակցի՝վերաբերում է հատուկ կամ մասնագիտական ստաժային հասկացությանը. «Հստակ սահմանվել է, որովհետեւ դա շատ կարեւոր է հետագայում կարիերան ձեւավորելու համար: Սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը, որովհետեւ կապված է արձակուրդի իրավունքի իրացման հետ եւ այլ աշխատանքային իրավունքների իրացման հետ:

Աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունն է հանվել, որովհետեւ ժամանակակից պայմաններում կա այդ հնարավորությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հաշվառել աշխատողի տվյալները եւ ունենալ աշխատանքային պատմությունը: Հստակ կարգավորվել է փորձաշրջանի ժամկետն ավարտելուց հետո աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքը, այսինքն՝ այսօր օրենսգրքով հստակ նշված է փորձաշրջան մինչեւ երեք ամիս, դրանից հետո աշխատանքային նոր պայմանագիր կնքե՞լ աշխատողի հետ, թե՞ այդ պայմանագիրն է շարունակվում, այսպիսի խնդիրներ են առաջանում»:

Ուշադրության արժանի օրենսդրական կարգավորումներից է մինչեւ 14 տարեկան երեխաների աշխատանքի հետ կապված հարաբերությունների ձեւավորումը, որը գործող օրենքով կարգավորված չէ: «Գիտենք, ինչպես մեր երկրում, այնպես էլ պրակտիկայում, 14 տարեկան երեխաների աշխատանքը կամ որոշակի ծառայությունների մատուցումը որոշակի ոլորտներում՝ սպորտ, մշակույթ եւ այլ, կա եւ կարգավորման անհրաժեշտություն կա: Նախագծով առաջարկվում է շատ հստակ կարգավորում, թե երեխաները որ ոլորտում կարող են աշխատել, թե աշխատաժամանակի կարգավորումը՝ ժամաքանակի, եւ հանգստի ժամանակի»,- ասում է պարոն Ավետիսյանը, նշում, որ կարգավորումը հնարավորինս մոտեցված է միջազգային չափանիշներին:

Քննարկման այլ մանրամասներ՝ առաջիկայում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930