Թեւան Պողոսյանը՝ «Ժառանգության»` ԲՀԿ-ի առաջնորդին սատարելու մասին
«Նորմալ գործընթաց է, առաջին անգամ չէ, որ հանդիպում են 1-ին նախագահը, կուսակցության լիդերներն իրար հետ, թող հանդիպեն, շատ լավ է, ինչքան շատ Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ հանդիպեն ու օրակարգ ձեւավորեն, այնքան լավ»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը երեկ տեղի ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպման մասին:
Հրաշալի քառյակի շրջանակներում, ըստ պարոն Պողոսյանի, կան հարցեր, որ կարողանում են միասնական լուծել, բայց ամեն մի կուսակցություն իր տեսլականն ունի:
Aravot.am-ը պարոն Պողոսյանից հետաքրքրվեց, հրաշալի քառյակի շրջանակներում հնարավո՞ր է «Ժառանգությունը» 2018 թվականի նախագահի ընտրություններին սատարի ԲՀԿ-ի թեկնածուին. երեկ ԲՀԿ-ն հայտարարեց` որ ինքը հավակնում է նախագահի աթոռին:
«Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որն ունի իր թեկնածուն, դա ապացուցել է»,-ասաց Թեւան Պողոսյանը: Դիտարկմանը, որ քառյակի համագործակցման արդյունքում գուցե այդպես ստացվի, պարոն Պողոսյանն ասաց, որ քառյակի շրջանակներում իրենք քննարկում են հարցեր, որոնք միասնական են, ընդհանուր. «ԲՀԿ-ն երբեւէ չի ասել, որ Եվրամիության կողմնակից է, ո՞նց եք պատկերացնում սատարման խնդիրը: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ միասնականությունը պետք է լինի ամեն ինչում եւ մինչեւ կյանքի վերջ, կուսակցություններն իրենց տեսլականներն ու զարգացումներն ունեն»:
Կարդացեք նաև
Դիտարկմանն էլ, որ 2008-ին մի շարք կուսակցություններ ու խմբեր մի կողմ դրեցին ամեն ինչ ու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվեցին, նրան սատարեցին, պարոն Պողոսյանն էլ հարցրեց` «Ովքե՞ր, «Օրինաց Երկիրն» իրա համար էր անում: Նույն 2008-ին ոչ ԲՀԿ-ն էր այնտեղ, ոչ` Դաշնակցությունը, այնպես որ անձի խնդիր չէ, համակարգային փոփոխության խնդիր է»:
Ասուլիսին ներկա ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նկատեց` «Տեսնո՞ւմ եք, որ հանրապետականները անհանգստանալու բան չունեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ