Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբեր 10,2014 15:05

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ ֆրանսիացի պատգամավորների այցը կնպաստի հայ-ֆրանսիական բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Ընդգծելով, որ ներկայում Հայաստանում հաջողությամբ գործունեություն է ծավալում ֆրանսիական 180 ընկերություն, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա:

Վարչապետը և Բրյունո լը Ռոուն կարծիք են հայտնել, որ Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ ֆրանսիական ընկերությունների համար՝ եվրասիական շուկա մուտք գործելու համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ ու պատրաստ է հետագայում ևս համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ գործին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Բրյունո լը Ռոուն ասել է. «Ինչպես Հայաստանում նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մենք ունենք քաղաքական կամք՝ ամբողջացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչի արդյունքում կնախատեսվի քրեական հետապնդում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչումն ունի կանխարգելիչ դերակատարություն և խաղաղության հաստատման համար կարևոր է դրա ժխտումը բացառելը»:Բրյունո լը Ռոուն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին կարևորել է նաև հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացումը՝ միջազգային հանրության շրջանում անհրաժեշտ աշխատանքներ տանելու համար:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին իրենց դիրքորոշման համար և ընդգծել, որ եթե Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները ժամանակին չեն դատապարտվում, ապա ունենում են կրկնվելու հավանականություն:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծել դրա լուծման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում:

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային այլ հարցեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930