«Իմ կարծիքով՝ այն բոլոր խնդիրները, որոնք արծարծվել էին Սահմանադրական դատարանի որոշման մեջ, ընդունված օրենսդրական փաթեթով լուծումներ են ստացել: Այն բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեին մինչև սեպտեմբերի 30-ը, կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական փաթեթում լուծումներ են ստացել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին`իր կարծիքով կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքն այլևս հակասահմանադրական դրույթ չունի՞: Իսկ նոր օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե ոչ` միայն Սահմանադրական դատարանը կարող է պատասխանել:
Անդրադառնալով կուտակայինին վերաբերող նոր օրենքի համար կրկին ՍԴ դիմելու Քառյակի նախաձեռնությանը՝ նախարարն ասաց, որ կանխատեսումներ անել չի ցանկանում:
Նախարարը նաեւ հավելեց, որ երիտասարդ դասախոսների աշխատավարձերի հարցով վարչապետի կողմից հանձնարարական է տրվել ֆինանսների նախարարին: Աշխատանք է տարվում, որպեսզի նրանց աշխատավարձերից նպատակային սոցիալական վճար չպահվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ