«Առաջին անգամ չի, մենք մշտապես ունեցել ենք հանդիպումների այս ֆորմատը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը`պատասխանելով հարցին, ինչո՞ւ երեկ ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդների հանդիպմանը ներկա չէին ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպման ընթացքում քննարկել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր:
Դիտարկմանը, որ կուսակցությունների ղեկավարների երկկողմանի հանդիպում չի եղել, մեր զրուցակիցը հակադարձեց. «Համենայնդեպս, արտառոց բան չկա: Երբեմն առաջանում են խնդիրներ`ղեկավարների մակարդակով երկկողմանի քննարկման: Այս պրակտիկան էլի շարունակվելու է, քանի որ միշտ առաջանում են խնդիրներ»: Ստեփան Մարգարյանը հավաստիացրեց, որ քառյակում պայմանավորվածություն կա, որ անհրաժեշտության դեպքում կարող են երկկողմանի, եռակողմ հանդիպել ու քննարկել. «Որեւէ մեկը խանդով չի վերաբերվում: Եթե մեր ընկերները մեզնից դուրս հանդիպեն երկկողմանի, մենք խանդով չեն վերաբերվի»:
Հարցին`մինչեւ հանրահավաքը քառյակի բոլոր կուսակցությունների ղեկավարների հանդիպում կլինի՞, Ստեփան Մարգարյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում`այո, բայց այս պահին ոչինչ ասել չի կարող:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ համամիտ է գործընկերոջ արտահայտած դիրքորոշման հետ:
Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում նման հանդիպումներին: Պարոն Սահակյանը նաեւ փոխանցեց հանդիպման կադրերը դիտելուց իր առաջին տպավորությունը. «ՀԱԿ-ականներն այնպիսի տեսքով էին նստած, կարծես լավ, հարուստ տեղ աղջիկ էին ամուսնացնում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ