«Գործող նախագիծը կարգավորում է ընդամենը մի քանի տարբերակ և սահմանում է, որ եթե քաղաքացին, ենթադրենք, միտումնաբար չի նշել ճիշտ հասցեն կամ իր գտնվելու վայրը, ապա մենք առաջարկում ենք, որպեսզի դա արվի նաև հրապարակային` տուգանքը կամ ծանուցումը տեղադրվի կայքէջում: Բայց մենք առաջարկեցինք նաև տարբերակները դիտարկել, օրինակ, նաև SMS հաղորդագրությամբ ծանուցել, եթե դա հնարավոր է: Կամ` քաղաքացին ինքը որոշի, թե ինչպես իրեն ծանուցեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն`անդրադառնալով Ազգային ժողովի 24-ժամյա ռեժիմում նախօրեին քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին: Փոփոխությունը, մասնավորապես վերաբերում է 283 հոդվածի 6-րդ պարբերությանը: Նախագծով սահմանված փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների վարման դեպքում արձանագրված իրավախախտումներին և դրանց համար սահմանված տուգանքների բռնագանձումներին: Այն սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը, մասնավորապես` քաղաքացին իր վերաբերյալ կայացված որոշմանը պատշաճ ծանուցված կհամարվի, եթե նա անձամբ կստանա ծանուցագիրը և առկա կլինի ստանալու մասին նրա ստորագրությունը: Հովհաննես Սահակյանն ասաց, որ նախագիծը մեկ նպատակ է հետապնդում` ապահովել քաղաքացու պատշաճ ծանուցման, իրազեկման իրավունքը:
24 ժամյա ռեժիմին անդրադառնալով, պատգամավորն ասաց, որ նախագիծը լավն է և հենց այդ պատճառով է նաև, որ այն պետք է արագ ընդունվեր. մի շարք քաղաքացիներ այս խնդրի հետ առնչվում են: Ինչ վերաբերում է ընդդիմության բացասական արձագանքին, ապա Հովհաննես Սահակյանը նկատեց, որ նրանք ևս ողջունում են նախագիծը, սակայն խոսում մեկ այլ խնդրի մասին, որն իրականում այս օրենքով չէ, որ պետք է կարգավորվի. «Օրինակ ասում են, թե ինչու պետք է միանգամից հարկադիր կատարողը զբաղվի նշանակված վարչական տուգանքի բռնագանձման գործընթացով: Այս խնդրի հետ կապված պետք է հիշեցնեմ, որ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան` այդ նորմի սահմանադրականությունը որոշելու համար…. այո, խնդիրը առկա է և գոյություն ունի, այն համալիր լուծման կարիք ունի, բայց մենք նաև պետք է սպասենք, որպեսզի ՍԴ-ն տա իր գնահատականը սահմանադրականության հետ կապված»: Հովհաննես Սահակյանն ասաց, որ ընդդիմության կողմից ներկայացված հիմնական հակափաստարկը հիմնվում է հենց այդ մտահոգության վրա, սակայն, կրկնեց`դրա պատասխանը կտա ՍԴ-ն:
Հովհաննես Սահակյանը հիշեցրեց նաև, որ ՀՀԿ-ն շրջանառության մեջ է դրել մեկ այլ նախագիծ, որն առնչվում է բանկային հաշիվների վրա կալանք դնելու խնդրին և հիշեցրեց, որ առաջարկել են այսուհետ չվճարված տուգանքների դիմաց կալանք դնել հաշվի վրա միայն այն չափով, որը հենց տուգանքի գումարն է կազմում. «Միանշանակ է, որ այս երկու նախագծերը բխում են մեր քաղաքացիների շահերից և արագ արձագանքման սկզբունքի վրա մենք փորձում ենք իրացնել դրանք: Իհարկե կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն ու թեկուզ և հենց այս ոլորտում, բայց ամեն ինչը ժամանակ է պահանջում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ