«Բարեփոխում» հ/կ նախագահ Կարինե Հակոբյանը անհասկանալի է համարում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահենին, հինգ տարով ազատազրկման դատապարտելու մեղադրողի միջնորդությունը:
«Եթե նույնիսկ խոսք է եղել այդ մասին, վկայում է՝ ինչքան է կաղում մեր արդարադատությունը: Դատարանը պետք է բարեհոգի ու մարդկային լինի անչափահաս տղայի նկատմամբ, որն ընդամենը պաշտպանել է հորը, ում ծեծում էին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Հակոբյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ պատմեց, որ ութսունականներից է ճանաչում Շանթ Հարությունյանին: Նա, պարոն Իշխանյանի բնորոշմամբ, չհարմարվող տեսակ է. «Շանթից վտանգ չկա Հայաստանի ինքնիշխանությանը: Նա պարզապես չի հարմարվում իրավիճակին, նա չհարմարվող տեսակ է: Երբ անցած տարի սկսեց հացադուլը, գնացի հետը զրուցեցի, հետաքրքիր մտքեր արտահայտեց: Ասաց՝ ցանկացած պետություն ինչ-որ ժամանակ հետո ընկնում է ճգնաժամի, ճահճի մեջ: Եթե բարեփոխումներ չարվեն՝ ներքեւից հեղափոխություն կլինի: Ասում էր՝ ուզում եմ այս իշխանություններին հուշեմ, որ եթե բարեփոխումներ չլինեն, հեղափոխություն կլինի: Մեր հասարակության համար չհարմարվելը խորթ է, ու պարզ է, որ Շանթը հեղափոխություն չէր կարող անել: Վստահ եմ, որ եթե Շանթենց ակցիան չխոչընդոտվեր, ապա ոչ մի միջադեպեր չէին լինի»:
Իրավապաշտպանի խոսքով, Շանթ Հարությունյանին եւ ընկերներին առավելագույն դեպքում պետք է վարչական պատասխանատվության ենթարկեին. «Մենք տեսնում ենք, թե քաղաքակիրթ երկրներում ինչ ցույցեր են լինում, բայց ցուցարարներին մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքներում պահելուց հետո բաց են թողնում: Այսքան ժամանակ Շանթին ու ընկերներին պահել անազատության մեջ ու հետո 7-8 տարի ազատազրկում պահանջել, չգիտեմ ինչպես բնորոշել՝ դաժանություն է»:
Կարդացեք նաև
Պարոն Իշխանյանը դատապարտեց նաեւ, որ քաղաքական ուժերը Շանթին ու ընկերներին քաղբանտարկյալ չեն համարում. «Ինչ է թե՝ յուրային չէ»:
Անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի դատավարությանը՝ նա ասաց, որ հասարակությունը սիրված դերասանի գործով չափազանց մեծ ակտիվություն դրսեւորեց եւ մեղադրանքի սլաքն ուղղեց ավտովթարից տուժած կողմի ուղղությամբ, ինչը սրեց իրավիճակը. «Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում, նա այն վտանգավոր հանցագործն է՞ր, որ կարող էր խուսափել դատաքննությունից, որ նրա նկատմամբ խափանման միջոցը կալանքը մնաց: Հետեւելով դատաքննության զարգացումներին՝ ակնհայտ է, որ նրա մեղքն այդքան էլ չի եղել: Այս գործընթացի շարունակությունը համարում եմ ճնշում նրա ազատ մտքի վրա, գուցե իշխանությունները սպասում են փոխհամաձայնությա՞ն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ