ԱԺ-ում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցչը ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ վստահեցնում էր, որ այդ նախագիծը քննարկվել է մասնագետների, Հ/Կ-ների հետ: Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մատնանշված Հ/Կ-ներին է զանգել եւ ճշտել՝ այդ նախագիծը չի քննարկվել իրենց հետ: Հիշեցնենք, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես բնապահպանության փոխնախարարի երեսին նետեց, որ նա ստում է, Հ/Կ-ների հետ հանդիպում չի եղել:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Մենք զանգահարեցինք նշված հասարակական կազմակերպություններին, նրանցից որեւէ մեկի հետ այդ նախագիծը չի քննարկվել: Քննարկվել է նախորդ տարբերակը: Սա ի գիտություն նրանց, ովքեր այստեղ շատ բարձր հայտարարում էին, որ քննարկվել է Հ/Կ-ների հետ: Կրկնում եմ, այդ տարբերակը չի քննարկվել նրանցից եւ որեւէ մեկի հետ: Ճշտել ենք հատ-հատ»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ի պատասխան նետեց, թե «Եթե իրենց հետ քննարկված չլինեին, հայտարարվել է այդ մասին, իրենք կդիմեին ԱԺ: Դրա համար անհրաժեշտ էր ոչ թե զանգել, այլ հանդիպել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ