Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում Սուրիկ Խաչատրյանի տեսքն ու շարժուձեւը վախ է առաջացնում»

Սեպտեմբեր 10,2014 13:32

Սյունիքի նախկին մարզպետի վերանշանակման եւ մարզում վախի մթնոլորտի մասին` ՀՀԿ-ական ու «Ժառանգության» պատգամավորների կարծիքները

«Ի՞նչ վախի մթնոլորտ: Սուրիկ Խաչատրյանն ինձ շատ մտերիմ անձնավորություն է, եւ չեմ կարծում, որ նրա տեսքը, շարժուձեւը ինչ-որ մեկի մոտ վախ է առաջացնում: Եկեք վերջ տանք էդ ստերեոտիպերին»,-այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Երբ պարոն Այվազյանին հիշեցրեցին, որ նախկին մարզպետը մի քանի անգամ տարբեր ծանր հանցագործությունների համար դատապարտվել է, հանրապետական պատգամավորը նույնիսկ զարմացավ` վստահեցնելով, որ տեղյակ չէ, եւ հրաժարվեց մեկնաբանել, թե դատվածություն ունեցող անձին նորից մարզպետի պաշտոն տալը որքանո՞վ է ճիշտ:

Հետո պարոն Այվազյանն անցավ նախկին մարզպետի գովքին. «Սուրիկ Խաչատրյանն այն անձնավորությունն է, որ մինչեւ վերջ պայքարել է թշնամու հետ: Կնշանակե՞ն մարզպետ, թե՞ ոչ, չեմ կարող ասել»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ, անդրադառնալով Սյունիքի մյուս նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար նշանակելուն, եւ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ վերանշանակելու լուրերին, նշեց, որ նոր երիտասարդ կադրերին պաշտոնի նշանակելն իրեն ուրախացնում է, քանի որ սերնդափոխություն է տեղի ունենում, եւ երիտասարդները նոր, թարմ գաղափարներ են բերում: Բայց մյուս կողմից էլ, ըստ պարոն Պողոսյանի, կա պայքար հին «գվարդիայի» եւ նոր սերնդի միջեւ:

Պարոն Այվազյանն էլ ասաց, որ ում էլ նշանակեն մարզպետ, նա կառավարության քաղաքականությունն է վարելու:

Վերջին շրջանում տեղի ունեցող աղմկահարույց դատական գործընթացների, մասնավորապես Շանթ Հարությունյանի դատավարության մասին էլ Թեւան Պողոսյանն ասաց. «Ցավոք, 23 տարվա ընթացքում չկարողացանք դատական անկախ ինստիտուտ ստեղծել, մնացած բոլոր հետեւանքները գալիս են դրանից: Մի քանի դեպք ենք ունեցել, երբ դատավորները որոշում են կայացրել, որը չենք սպասել: Մինչեւ չլինեն նոր մոտեցումներ, համակարգային փոփոխություններ, իրավիճակը շարունակվելու է նույնը մնալ. ունենալու ենք դեպքեր, որ նորից գործերը գնալու են Եվրոպական դատարան, իսկ մեր վճարած հարկերով ստիպված ենք լինելու փոխհատուցել: Մոլդովայում կա հետաքրքրիր պրոցես` մոնիտորինգ է կատարվում, այն դատավորին, որի գործերը ավելի շատ են գնացել Եվրոպական դատարան, աշխատանքից ազատում են, եւ դատավորն էլ իր անձնական գումարներով փոխհատուցում է: Միգուցե ապագայում պատասխանատվության խնդիր եթե դրվի, ինչ-որ բան փոխվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930