Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանությունների թիվը շատացել է երիտասարդների շրջանում

Սեպտեմբեր 10,2014 13:06

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր։ Այս թեմայով այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը նշեց, որ մեր հանրապետությունում մտահոգիչ չի ինքնասպանությունների թիվը, սակայն կանխարգելման անհրաժեշտություն կա. «Ամեն տարի աշխարհում 800 հազար մարդ ինքնասպան է լինում, ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանության փորձ է կատարվում եւ մտահոգիչ է այն, որ ինքնասպանությունները երիտասարդանում են 15-29 տարեկանների մոտ, երիտասարդաների մոտ ինքնասպանություններից մահվան դեպքերը վթարներից հետո երկրորդ տեղում են»։

Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են տարվում տարբեր երկրներում ինքնասպանության կանխարգելման հետ կապված. «Դրանք տարբեր երկրներում տարբեր ձեւով են իրագործվում՝ օրինակ ԱՄՆ-ում հրազենով է կատարվում ինքնասպանությունների մեծ մասը, քանի որ այնտեղ հրազենի ազատ վաճառք կա, գյուղական վայրերում ՝ թունաքիմիկատներով են կատարվում ինքնասպանությունները»։ Պարոն Թորոսյանի խոսքով՝ ինքնասպանության կանխարգելման միջոցառումներից ամենակարևորներից մեկն այն է, որ այն գործիքները եւ միջոցները, որոնցով կարելի է ինքնասպան լինել, պետք է հասանելի չդարձնել։ «Մեր հանրությունում մարդիկ իրենց միայնակ են զգում, միջանձնային հարաբերությունները, դեպրեսիվ վիճակների 15 տոկոսը, հոգեկան հիվանդությունների 10 տոկոսը բերում են ինքնասպանության։ Նման դեպքերում կանխարգելման համար մեծ դեր ունի ընտանիքը, հարգանքի եւ սիրո դեպքում նվազում են ինքնասպանությունները, շեղումը նկատելու դեպքում շրջապատող անձիք պետք է դիմեն համապատասխան հոգեբուժական օգնության»։

Ինքնասպանագետ Կամո Վարդանյանն էլ ասուլիսի ընթացքում ներկայացրեց ինքնասպանությունների ծագումնաբանությունը եւ որոշ տվյալներ Հայաստանում ինքնասպանությունների վերաբերյալ. «Աշխարհում 87 -րդ տեղն է զբաղեցնում Հայաստանը ինքնասպանությունների թվով , յուրաքանչյուր 100 հազար բնակչի դեպքում ինքնասպանությունների թիվը չի անցնում տասը, սակայն ինչպես աշխարհի այլ երկրներում, Հայաստանում նույնպես աճում է ինքնասպանությունների թիվը, սակայն ճգնաժամային չէ դրությունը»։

Նա ներկայացրեց, որ ինքնասպանությունները կենդանական աշխարհում էլ կան, եւ որ մարդու առաջացմանը զուգահեռ՝ էվոլյուցիայի ընթացքում առաջին քայլը եղել է ինքնասպանությունը. «Չկա հասարակություն, որտեղ ինքնասպանություն չլինի»։

Պարոն Վարդանյանը մասնգիտական տեսանկյունից ներկայացրեց, որ մարդիկ ինքնասպանություն են գործում երեք հոգեվիճակներում՝ հարաբերական հանգստի, սահմանային հոգեվիճակում եւ ախտաբանական հոգեվիճակում.«Աշխարհում ինքնասպանությունների մեծ մասը լինում են հենց սահմանային հոգեվիճակում։ Այսինքն մարդ ինքնասպանություն է կատարում ոչ թե հիվանդ հոգեվիճակում, այլ որպես իրադրությունից դուրս գալու ելք։ Իսկ դրանք կանխարգելելու դեպքում պետք է ուսումնասիրել սահմանային հոգեվիճակները»։

Պրն Վարդանյանը առաջարկում է ինքնասպանությունների ուսումնասիրության, մոնիթորինգի եւ կանխարգելման մի կառույց ստեղծել Հայաստանում, որը կկորդինացնի ինքնասպանությունների հետ կապված բոլոր տեսակի աշխատանքները։

Էլյա ՀՈՎՀԱՆՆՍԻԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930