2014 թվականի սեպտեմբերի 8-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային մեկօրյա այցը ՀՀ Լոռու մարզ սկսել է Սպիտակի քաղաքապետարանի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցից, որտեղ մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանի և Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ շրջել և ծանոթացել է մարզադպրոցի շենքային պայմաններին, տնօրինության հետ քննարկել ընթացիկ տարվա ծրագրերը և անելիքները:
Մարզային այցի ընթացքում՝ ոլորտին առնչվող խնդիրներին ծանոթանալու նպատակով, նախարարն այցելել է Տաշիրի համայնքային և Ստեփանավանի Հ.Ներսիսյանի անվան քաղաքային մարզադպրոցներ, իսկ Վանաձոր քաղաքում մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ուղեկցությամբ եղել է Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» և «Հայաստան» ՄՀԿ Վանաձորի Ստ. Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցներում, Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցում, ինչպես նաև ծանրամարտի և լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներում:
Նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցի ավարտին՝ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ անցկացրել է քննարկում-խորհրդակցություն` մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ, նշելով, որ միայն համախմբված աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր կլինի իրագործել մարզում սպորտի ոլորտին առնչվող հիմնահարցերը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն