Ամեն տարի ավելի քան 800.000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով միասին վերցրած զոհերի թիվը:
2012թ. տվյալներով, աշխարհում 30-49 տարեկանների շրջանում ինքնասպանությունը մահվան հինգերորդ պատճառն է, իսկ 15-29 տարեկանների շրջանում՝ երկրորդը: Չափահաս մարդկանց շրջանում ինքնասպանության 20 փորձից մեկն ունենում է մահվան ելք: Ընդհանուր մահացության ցանկում ինքնասպանությունը կազմում է 1,4 տոկոս և 15-րդն է մահվան պատճառներում:
Հոգեկան խանգարումները, մասնավորապես` դեպրեսիան, ալկոհոլամոլությունը բավական մեծ ռիսկի գործոն են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Ասիական երկրներում ավելի նշանակալի գործոն է իմպուլսիվությունը: Ինքնասպանության բերող գործոնները համալիր են՝ հոգեբանական, սոցիալական, կենսաբանական, մշակութային և շրջակա միջավայրով պայմանավորված:
2003 թվականից Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի կողմից սեպտեմբերի 10-ը հայտարարված է ինքնասպանությունների կանխարգելման օր: 2014 ի կարգախոսն է ‘Suicide Prevention: One World Connected.’ «Ինքնասպանության կանխարգելում. Հաղորդակցվող աշխարհ»։ Նպատակն է ցույց տալ, թե հաղորդակցումը որքան կարևոր է ինքնասպանությունների կանխարգելման գործում:
Կարդացեք նաև
Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։ Միևնույն ժամանակ` Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ցուցանիշներն ամենավատն են Եվրոպական երկրներում։ Նույնն է նաև ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Ներկայումս ինքնասպանության ամենամեծ տարածվածություն ունեցող երկիրը Գայանան է (Հարավային Ամերիկա) 2-րդ և 3-րդ տեղերում Հյուսիսային և Հարավային Կորեաներն են։
Ինքնասպանությունների կանխարգելման խորհրդին այսօր Հայացք ակումբում կանդրադառնա ՀՀ առողջապահության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը։
ՀՀ առողջապահության նախարարություն