Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ տվեց մեզ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Սեպտեմբեր 10,2014 18:30

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ) եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արամ Աբրահամյան.– ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը այդքան կարեւոր իրադարձությո՞ւն էր, որ մեր լրատվամիջոցները, գործիչներն այդքան մեծ ուշադրություն դարձրին դրան: Չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք:

Սուքիաս Ավետիսյան.- ՆԱՏՕ-ի անդամ չենք, բայց շատ կարեւորում ենք, որովհետեւ նախ՝ նախագահի մակարդակով կարծես թե առաջին անգամ ենք մասնակցում, համենայնդեպս՝ վաղուց չենք մասնակցել, եւ երկրորդ` շատ կարեւորվում էր հուլիս-օգոստոսին մեր սահմանների վրա թեժ վիճակի տեսանկյունից, քանի որ մենք ՆԱՏՕ-ի հետ նաեւ գործընկեր ենք, շատ կարեւոր էր, թե ՆԱՏՕ-ի այդ գագաթնաժողովը ինչպիսի արձագանք կտա դրան: Բնականաբար, մենք շատ լավ գիտակցում ենք, որ այդ գագաթնաժողովը որեւիցե մեկին չէր հանդիմանելու այս կամ այն միջադեպի առիթով, բայց համենայնդեպս՝ մեր նախագահը, այսպես ասած, նախահարձակ ելույթ ունեցավ գագաթնաժողովին: Կարեւոր էր նաեւ ընդունած հռչակագրի տեքստը:

Ա. Ա.– Կարո՞ղ է՝ մենք շատ ենք տարվում` այս մի ձեւակերպման մեջ այս ասվեց, ԵԽԽվ-ում այն ասվեց, ՆԱՏՕ-ում այն ասվեց, չափից դուրս սրտատրոփ չե՞նք սպասում տեքստերին:

Արմեն Մարտիրոսյան.- Որոշակիորեն մի փոքր կարող է այդպիսի տպավորություն լինել, բայց իրականության մեջ, իհարկե, կարեւոր են նմանատիպ քննարկումները: Տեսեք` այնտեղ ըստ էության հավաքված էին աշխարհի առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած պետությունների ղեկավարների ճնշող մեծամասնությունը, եթե չեմ սխալվում` 48 երկրի ղեկավարներ էին ներկայացված՝ սկսած ԱՄՆ նախագահից, վերջացրած ավելի փոքր երկրներով: Բայց ցանկացած պարագայում այնտեղ կարեւորագույն որոշումներ են ընդունվում: Այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում` կապված ուկրաինական դեպքերի հետ, Իրաքի հետ, բավականին խնդիրներ կան լուծելու, եւ նաեւ անհրաժեշտ էր որոշակիորեն կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի առաջխաղացումը: Եվ վերջապես՝ Հայաստանը մի պետություն է, որը բավականին լավ համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ, եւ կարծում եմ՝ այդ հարաբերությունը պետք է խորանա, բայց ոչ՝ անդամակցության աստիճանի: Մենք կողմնակից ենք երկկողմ ռազմական հարաբերությունների, ասենք` Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ֆրանսիա, դա ավելի մեծ ճկունություն է տալիս, քան ռազմական դաշինքները: Բայց ցանկացած պարագայում պարզ է, որ գագաթնաժողովը շատ կարեւոր հարթակ էր խոսելու համար:

Ա. Ա.- Լիսաբոնի եւ Չիկագոյի գագաթնաժողովներին Հայաստանի նախագահը չի գնացել, որովհետեւ հռչակագրերում հիշատակվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նյուպորտում նույնպես պետք է լիներ նման հիշատակում եւ եղավ. ինչո՞ւ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, գնաց այնտեղ:

Ս. Ա.– Եթե կա հրավեր նման բարձր գագաթնաժողովի, եւ եթե մենք ունենք խնդիր, այնպես չի, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է տանը նստել` սպասել, թե քո փոխարեն այդ խնդիրը ով կլուծի: Այստեղ խնդիրը հետեւյալն էր` նախագահը պատրաստ էր ելույթ ունենալ եւ այդ բարձր ամբիոնից հնչեցնել այն բոլոր մտահոգությունները, որոնք այսօր բոլորիս են մտահոգում, նաեւ առաջադեմ մարդկությանն են մտահոգում: Նաեւ կարծում եմ` այդ հռչակագրի տեքստն այն տեքստն էր, որը նաեւ փորձեց սթափեցնել այն երկու երկրների ղեկավարներին, այսինքն` Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք փորձում են անընդհատ շահարկել տարածքային ամբողջականությունը եւ դրա անվան տակ մի կողմից՝ Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ չեն ուզում հաստատել, եւ մյուս կողմից էլ` փորձում են անընդհատ սահմանային միջադեպերի միջոցով լարվածություն մտցնել:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930