Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության խաղաղ հանրաքվե

Սեպտեմբեր 10,2014 12:00

Բրիտանիան չի պայքարում «տարածքային ամբողջականության» համար

Մեկ շաբաթից Շոտլանդիայում անցկացվելու է անկախության հանրաքվե, որը նախաձեռնել է 2007 թվականին այդ երկրի խորհրդարանում մեծամասնություն ստացած Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ վարչապետ Ալեքս Սալմոնդի ղեկավարությամբ: Սոցիոլոգիական վերջին հարցումը ցույց է տալիս, որ անկախության կողմնակիցների թիվը փոքր-ինչ ավելի շատ է, քան հակառակորդների: Նման արդյունք գրանցվել է առաջին անգամ. նախորդ հարցումների համաձայն՝ Բրիտանիայի կազմում մնալու կողմնակիցների թիվն ավելի շատ է եղել: Մեկնաբանները դա բացատրում են նրանով, որ Սալմոնդի կուսակցությունը ավելի ակտիվորեն է սկսել աշխատել երիտասարդների հետ: Ավելի վաղ Շոտլանդիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որ հանրաքվեի մասնակիցների տարիքային շեմը 16 տարեկանն է լինելու եւ ոչ թե 18: Դե, պարզ է՝ երիտասարդներն ավելի «տաքգլուխ» են:

Անկախության կողմնակիցներն ասում են, որ Շոտլանդիան ունի բավականաչափ էներգետիկ ռեսուրսներ ու օգտակար հանածոներ՝ երկիրը կատարելապես ինքնաբավ դարձնելու համար: Բրիտանիայի կառավարությունն էլ ասում է՝ դուք չեք կարողանա երկիր պահել ձեր շոտլանդական «Ջերմուկով» կամ թեկուզ վիսկիով: Մեծ Բրիտանիան, ըստ այդ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, աշխարհի ամենահաջողակ շուկաներից մեկն է, իսկ շոտլանդա-անգլիական առեւտուրը երկու անգամ գերազանցում է Շոտլանդիայի առեւտուրը որեւէ այլ երկրի հետ: Եվրամիությունում էլ են զգուշացնում, որ անկախ Շոտլանդիան տնտեսական խնդիրներ կունենա, մասնավորապես՝ կավելանա գործազուրկների թիվը: Ըստ այդ տեսակետի կողմնակիցների՝ Շոտլանդիան առանց այդ էլ ունի շատ լայն ինքնավարություն (ինչն իսկապես այդպես է), եւ պետական անկախությունը նրան միայն կվնասի:

Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն դրան նաեւ ավելացնում է, որ Շոտլանդիային դժվար թե կարողանան ընդունել ԵՄ՝ այն պարզ պատճառով, որ միության անդամ դառնում են կոնսենսուսի հիման վրա, իսկ ԵՄ-ում կան բազմաթիվ երկրներ (օրինակ՝ Իսպանիան), որոնք հասկանալի պատճառներով «անջատողականությունը» չեն խրախուսի: Շոտլանդիայի անջատմանը դեմ են տեղացի խոշոր բիզնեսմենները, մարզիկները եւ անձամբ Հարի Փոթերի «կնքամայր»՝ գրող Ջոան Ռոուլինգը: Պետք է ասել, որ Սալմոնդի կառավարության տրամադրությունները նույնպես առանձնապես «ջերմուկային» չեն. եթե նույնիսկ Շոտլանդիայի անկախության հանրաքվեում «այո» ասվի, այնտեղ կպահպանվի ֆունտը որպես ազգային արժույթ, իսկ Անգլիական բանկը կպահպանի կենտրոնական բանկի իր գործառույթները:

Կողմերը, մի խոսքով, իրար եւ Շոտլանդիայի բնակչությանը փորձում են համոզել, թե ինչն է իրենց համար ավելի ձեռնտու: Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել գործընթացի երկարատեւ բնույթի վրա: Աշխատանքն, ըստ էության, սկսվել է 7 տարի առաջ, եւ եթե հանրաքվեին ասվի՝ «այո», ապա մինչեւ վերջնական «անջատումը» նախատեսվում է եւս 4 տարի: Լոնդոնը չի խոչընդոտում հանրաքվեին, ընդունելու է արդյունքները՝ ինչպիսին էլ դրանք լինեն, ոչ ուժով, ոչ էլ քաղաքական-դիվանագիտական մակարդակով չի պայքարում եւ չի պայքարելու «Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականության» համար, չի ձգտի, որ այդ «ամբողջականության» մասին բանաձեւեր ընդունեն բոլոր պետությունները եւ միջազգային կազմակերպությունները: Ա՛յ, եթե 2007 թվականին Լոնդոնում եւ Անգլիայի այլ քաղաքներում սպանեին, վառեին, բռնաբարեին եւ տեղահան անեին շոտլանդացիներին, ապա շատ հավանական է՝ մի քանի ամսվա ընթացքում կհռչակվեր «Լեռնային Շոտլանդիայի Հանրապետություն»: Իհարկե, Բրիտանիայում նույնպես սպանում էին ու վառում, բայց մի 5-6 դար առաջ:

Մի անգամ, երբ քննարկվում էր ղարաբաղյան խնդրի կարգավորման «ալանդյան» տարբերակը, այն ժամանակվա ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կատակով ասել էր. «Մենք էլ դեմ չէինք լինի բարձր կարգի ինքնավարություն ունենալ Ֆինլանդիայի կազմում»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Վառելով ու բանաձևերով չէ, բայց Լոնդոնը ակնհայտորեն պայքարում է տարածքային ամբողջականության համար: Բայց երբեմն էլ նույնիսկ սպանելով, ո՞վ ասեց չէ. բարի կամքի հարց չի. այլ քաղաքական պայմանների: Հոդվածը «մի քիչ» բացեր ուներ` ո՞ւմ էր ուղղված, ինչքանով էր ակտուալ ներկայացված ու տենց բաներ: Ոնց որ երկխոսությունից կտրած հատված լիներ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930