Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գիտեք ի՞նչ հարցեր եք տալիս. ոնց որ լինում են՝ քթի մազ քննիչներ»

Սեպտեմբեր 10,2014 18:00

ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը
սրտնեղեց Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցից

– Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը հուլիսի 1-ից ստվերի դեմ պայքար է տանում: Արդյունքների ամփոփումներ եղեն, թվեր հրապարակվեցին, օլիգարխներին պատկանող ընկերություններ տույժ ու տուգանքների ենթարկվեցին, խոսվեց ոչ պարտաճանաչ հարկատուների ինչ-որ ցուցակի մասին, որն այդպես էլ չհրապարակվեց եւ այլն: Հետեւե՞լ եք այդ ամենի ընթացքին, ի՞նչ տպավորություններ եք ստացել:

– Ճիշտն ասած՝ ուշադիր չեմ հետեւել:

– Ինչո՞ւ: Ձեզ չէ՞ր հետաքրքրում:

– Հետաքրքրում էր, բայց ես հանգստանում էի: Համաձայն օրենքի՝ ամռանը պատգամավորը հանգստանում է, եւ հանգստանալու ընթացքում հնարավոր է, որ շատ ուշադիր չհետեւի տվյալ քաղաքական ընթացքին:

– Այս ամռանն այդքան լարված իրավիճակ էր` կառավարությունը ստվերի դեմ էր պայքարում…

– Լավ է անում, որ պայքարում է: Ողջունում եմ ես այդ աշխատանքը, վստահ եմ, որ կունենա իր արձագանքը, իր հետեւանքները` խոսքիս լավ իմաստով` թե բյուջեի համար, թե…

– Սահմաններին անընդհատ կրակոցներ էին հնչում, արտաքին աշխարհում զարգացումներ էին գնում, որոնք ուղղակիորեն նաեւ Հայաստանին էին վերաբերում. այդ ամբողջը թողած` Դուք հանգստանո՞ւմ էիք:

– Դուք սուտ ինֆորմացիա տարածեցիք հենց նոր: Ես ասացի պարզապես, որ կոռուպցիայի հետ կապված գործընթացին չեմ հետեւել: Ինչ վերաբերում է սահմանների հետ կապված ինչ ա եղել` ես շատ լավ հետեւել եմ: Ու խնդրում եմ, որ հարցը տալիս եք, ձեզանից մի հորինեք:

– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր ուզում Ադրբեջանը, ինչո՞ւ էր անընդհատ ինչ-որ սադրանքների դիմում:

– Դուք չգիտե՞ք` ի՞նչ էր ուզում:

– Ձեր գնահատականներն են հետաքրքիր:

– Ինչ որ ուզում էր` ստացավ Ադրբեջանը: Եթե ձեզ հետաքրքրում է մանրամասները` կարող եք ԶԼՄ-ները բացել` կարդալ: Ինչ ուզում էր Ադրբեջանը, ի վերջո, ստացավ:

– Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստանից ապտա՞կ ստանա:

– Երեւի:

– Իսկ պատգամավորական խմբերի հետ սահմաններ այցելե՞լ եք:

– Ճիշտն ասած` չէ: Ինձ չեն հրավիրել: Չի եղել նման բան, որ ինձ կանչեն, հրավիրեն` չգնամ:

– Ձեր նախաձեռնությամբ է՞լ չեք գնացել…

– Գիտեք ինչ, դա իմ նախաձեռնությունով չի կարա լինի: Ըստ երեւույթին, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի ժողովուրդը մի քիչ ավելի են գնում: Իմ հանձնաժողովը եվրաինտեգրման հանձնաժողովն ա եւ հանձնաժողովով կամ ԱԺ-ից ինչ-որ որոշումով, որ պետք է գնան սահման` նման բան չի եղել: Ամեն դեպքում, ես հրավեր չեմ ստացել:

– Ստվերի դեմ պայքար սկսելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հարյուր օրը քիչ է այդ գործի համար եւ իրեն էլի ժամանակ է պետք: ՀԱԿ-ից անմիջապես ԲՀԿ-ին, որը կարծում էր, թե Հովիկ Աբրահամյանին աշխատելու ժամանակ է պետք տալ, հիշեցրին, որ իրենք ի սկզբանե էլ չեն հավատացել Հովիկ Աբրահամյանին: Այս հակասությունը նկատի ունենալով` խորհրդարանական քառյակի շրջանակներում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ինչքա՞ն ճանապարհ ունեն միասին անցնելու:

– Ես չգիտեմ, թե ինչքան ճանապարհ ունեն անցնելու: Նմանատիպ հարցերով ես կխնդրեի, որ հարցադրում անեիք ֆրակցիայի կամ կուսակցության ղեկավարին: Ես չեմ կարծում, որ իմ պատասխանելը ճիշտ է:

– Քաղաքական գործընթացներին չե՞ք ուզում խառնվել:

– Սկսենք նրանից, որ ես կուսակցության անդամ էլ չեմ, ֆրակցիայի անդամ եմ: Եթե կուսակցության անդամ չեմ, նշանակում է, որ որոշակի կառույցներ, որը կուսակցությունն ունի, ես ընդգրկված չեմ:

– Ֆրակցիաներն են համագործակցում:

– Ես համագործակցությանը չեմ մասնակցել, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Հարցը տվեք այն մարդուն, ով իրավասու է դրան պատասխանել:

– Մի քանի օր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցով հանդես եկավ, որտեղ կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները Հայաստանի համար դրախտային էին: Դուք այդ տարիներին եւս ակտիվ գործունեությամբ եք զբաղվել, նաեւ տնտեսական: Իսկապե՞ս այդ տարիներն ամենալավն էին Հայաստանի համար:

– Զուտ Հայաստանի մասին եկեք չխոսենք, այդ հարցին մի քիչ գլոբալ նայենք: Կարծում եմ՝ չեք մոռացել, որ 2008 թվականին ճգնաժամ սկսվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանի վարած նախագահական ընթացքը եղել է մինչեւ այդ: Ամբողջ աշխարհի առումով, այո, վիճակը շատ ավելի լավ էր, քան 2008 թվականից հետո. եւ Հայաստանում, եւ ՌԴ-ում, եւ ԱՄՆ-ում՝ որ երկիրը որ կուզեք: Իսկ հաշվի առնելով նաեւ, որ մեր երկիրը փոքր երկիր է եւ տնտեսական առումով ազդեցությունները մի քիչ ավելի շուտ են անդրադառնում, բնական է, տնտեսական առումով մեր երկիրն այս պահին, ինչպես ամբողջ աշխարհում վիճակը, այնպես էլ մեզ մոտ մի քիչ կարող է ավելի ցածր տեմպերով զարգանա:

– Երկրորդ նախագահը, փաստորեն, փորձում է խեղաթյուրե՞լ իրավիճակը, քանզի համաշխարհային զարգացումներին չի անդրադառնում…

– Գիտեք ի՞նչ հարցեր եք տալիս (թափահարում է օձիքը-Ն. Գ.), ոնց որ լինում են՝ քթի մազ քննիչներ: Տեսե՞լ եք նման բան, փորձում են մի հատ ծուղակի մեջ մտցնեն, հարց են տալիս, որ մի բան պոկեն բերանից: Ոչ: Երկրորդ նախագահն ինչ որ ասում է, ինքն իր կարծիքն է ասում: Լավ է անում՝ ասում է: Ես չեմ գտնում, որ ես պիտի որակավորում տամ, թե երկրորդ նախագահը ոնց է ղեկավարել: Ղեկավարել է նորմալ: Ոչ մի ըտենց բան չեմ տեսնում, առավել եւս այդ ժամանակ ես աշխատել եմ երկրորդ նախագահի հետ, եղել եմ կոալիցիայի անդամ եւ այլն:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները:

– Նորմալ:

– Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել, որ հանգամանքներով պայմանավորված՝ կրկին կարող է հավակնել իշխանության…

– Նշանակում է` հանգամանքներով պայմանավորված:

– Իսկ Դուք կցանկանա՞ք, որ Հայաստանի հաջորդ նախագահը կրկին լինի Ռոբերտ Քոչարյանը:

– Իմ ուզելով չի:

– Իբրեւ ընտրող:

– Երբ որ ժամանակը կգա, կլինեն թեկնածուներ, թեկնածուների մեջ որ լինի Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ՝ ավելի կոռեկտ կլինի, որ այդ հարցն այն ժամանակ տաք:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930