Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ լրագրողն ինքը մշտապես մնո՞ւմ է իր բաժին խրամատում»

Սեպտեմբեր 10,2014 17:30

Հակադարձում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը

«Այն, ինչ էր ուզում ասել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, շատ պարզ եւ հստակ շարադրված է նրա ելույթում, որն, ի դեպ, ՀՀԿ խորհրդի նիստից անմիջապես հետո տարածվեց լրատվամիջոցներում: Վստահ եմ՝ որեւէ մեկը, եթե ըմբռնունակության հետ խնդիրներ չունի եւ կարդա ելույթը, կհասկանա, թե ինչ է ասվել»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Հիշեցնենք. շաբաթ օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստում, դիմելով իր կուսակիցներին, նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, եւ ձեր բոլորի կռվի դաշտը եւ ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարեւորագույն խնդիրն է մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին եւ քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»: «Առավոտը» տիկին Եսայանից հետաքրքրվեց` ի՞նչ էր ուզում ասել նախագահը, երբ իր ելույթում համեմատեց խրամատը, զինվորին, խորհրդարանը եւ պատգամավորներին: Նախագահը դժգո՞հ է ՀՀԿ-ական պատգամավորների աշխատանքից: Մեր զրուցակիցը գտնում է, որ որեւէ արտառոց բան չի կատարվել, պարզապես քաղաքական նոր սեզոնի մեկնարկից առաջ երկրի նախագահը եւ կուսակցության ղեկավարը կատարեց շեշտադրումներ եւ ասաց իր ասելիքը:

Դիտարկմանը՝ չնայած նախագահի իջեցրած պատվերին, ՀՀԿ-ական շատ պատգամավորներ երեկ էլ` ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստին քվեարկությունից հետո լքեցին նիստերի դահլիճը. ինչ-որ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են նրանք, Մարգարիտ Եսայանը հակադարձեց. «Ես հասկանում եմ, լավ բառախաղի հնարավորություն է տրված, եւ լրագրողները հրաշալի օգտագործում են այդ հնարավորությունը: Ուզում եմ նույն կերպ հարցնել՝ իսկ լրագրողն ինքը մշտապես մնո՞ւմ է իր բաժին խրամատում, թե՞ երբեմն նաեւ հեռանում է՝ այլ դիտանկյունից դաշտը տեսնելու նպատակով, կամ՝ մի՞թե խրամատ ասվածն այդքան նեղ եք դիտարկում: Պատգամավորի համար եւ ԱԺ նիստերի դահլիճը, եւ բազմաթիվ այլ ձեւաչափերով հավաքները, հանդիպումները եւս խրամատներ են: Ի դեպ, ՀՀ նախագահը նաեւ այս մասին է խոսել: Թեկուզ հենց այս հարցազրույցը, որը տեղի է ունենում մեր միջեւ, «խրամատում» աշխատանք է, պարզապես պատգամավորը աշխատում է իր բաժին խրամատի դիտանկյունում, լրագրողը՝ իր»:

Մարգարիտ Եսայանը մեկ դիտարկում եւս արեց. «Բարեբախտաբար, պատգամավորները իրենց բաժին խրամատներում աշխատում են ոչ թե մեկը մեկին ոչնչացնելու, ջարդել-փշրելու սկզբունքով, այլ փոխադարձ հարգանքի եւ բարեկամական մթնոլորտում, ապացույցը՝ այսօր մեկնարկած նստաշրջանի առաջին օրը, երբ մեր սիրելի ընդդիմադիր գործընկերները իրենց բաժին խրամատներից հերթական անգամ ուսումնական փամփուշտներ արձակեցին՝ շատ ծանոթ եւ անհաշիվ օգտագործված: Մեր պառլամենտը քաղաքակիրթ խրամատների լավ օրինակ է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Գալուստն ու ընկեր Մարգոն քաղաքակրթության նմուշներ են…:)))

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930