Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի գյուղերը «մարդկությունից» կտրված են

Սեպտեմբեր 10,2014 17:00

Այս տարածաշրջանի տասնյակ գյուղեր տրանսպորտ չունեն. հարեւան գյուղում,
Սիսիանում բարեկամ է մահանում, չեն կարողանում գնալ՝
վերջին հրաժեշտը տալ:

Սյունիքի մարզի մի շարք համայնքներ բառի ուղիղ իմաստով կտրված են իրարից ու մարզկենտրոնից: Այս մարզի մի քանի տասնյակ համայնքների բնակիչներ 21-րդ դարին հարիր տեղաշարժվելու հնարավորություն չունեն: Բնակիչները կատակում են՝ նախնադարյան տրանսպորտից են օգտվում. ով ձի կամ էշ ունի, հավեսն էլ տեղն է, ժամանակ էլ ունի՝ ձիով կամ էշով է ճամփա ընկնում, որ հասնի հարեւան գյուղ կամ մարզկենտրոն: Ով էլ հնարավորություն կամ ցանկություն չունի չորքոտանի կենդանին որպես տրանսպորտային միջոց օգտագործելու, դուրս է գալիս գլխավոր մայրուղի ու սպասում Աստծու միջնորդությամբ օտար վարորդների օգնությանը:

Սյունիքի մի շարք համայնքներում ներմարզային տրանսպորտ չի գործում, անգամ մարզի որոշ քաղաքներից մարզկենտրոն տրանսպորտ չի աշխատում:

«Այ բալա ջան, որ շրջկենտրոնում՝ Սիսիանում, գործ ենք ունենում, գյուղից ավտոյով մարդ չկա էդ կողմերը գնացող, դուրս ենք գալիս ճամփին կանգնում, ձեռի հետ էլ՝ աղոթում, որ մեր ճամփեքով անցնող մի ավտո լինի, նստելու տեղ էլ ունենա, որ ուղեւոր վերցնի: Ամիսներով բարեկամի երես չենք տեսնում. ախպորս ընտանիքին 2-3 ամիսը մեկ էլ չեմ կարում հյուր գնամ, ինչո՞վ գնամ, տրանսպորտ չկա, տաքսո՞վ, մի հատ տաքսի կա գյուղում, էն էլ կամ փող չկա, փող էլ որ էդ պահին լինում ա, տաքսին ազատ չի լինում: Սիսիանում բարեկամս մեռավ, չկարացա գնամ. մարդկությունից, բարեկամությունից կտրվել ենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Շենաթաղ համայնքի մի բնակիչ, որը չցանկացավ անունը հրապարակենք: Շենաթաղը գտնվում է Սիսիանից 35 կիլոմետր հեռավորության վրա. եթե բնակիչները Սիսիան կարողանում են գոնե տաքսիով գնալ, ապա մարզկենտրոն՝ Կապան, շատ քչերը. գյուղի Կապանից հեռու է 139 կիլոմետր: «Աստված չանի՝ մարդ ծանր հիվանդանա, էդ էլ մի ուրիշ դարդ ա, հո սաղ ավտո չունե՞ն, հիվանդին հո էշի վրա չե՞նք տանի Սիսիանի հիվանդանոց, տաքսով ենք տանում: Էլ չեմ ասում, որ Կապանում գործ ենք ունենում, մի հատ փաստաթղթղի համար պիտի 25 հազար դրամից ավելի փող տանք տաքսուն, որ գնանք ու հետ գանք Կապանից: Քյասիբ ժողովուրդ ենք, որտեղի՞ց մեզ էդքան փող»,- դժգոհեց շենաթաղցին:

Հայաստանի ամենափոքր քաղաքը համարվող Դաստակերտի բնակիչներն էլ նույն վիճակում են՝ համ «քյասիբ», համ էլ տրանսպորտ չունեն, ու մարզկենտրոնից էլ, կարելի է ասել՝ կտրված: Դաստակերտի բնակիչներից մեկն էլ «Առավոտին» պատմեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հասարակական տրանսպորտից չեն օգտվում. «Ոչ հարեւան գյուղ գնացող ավտոբուս կա, ոչ Սիսիան, ոչ էլ Կապան: Ոնց որ աշխարհից կտրված լինենք՝ ոչ խանութ ունենք, ոչ դեղատուն»: Դաստակերտցու պատմելով՝ գյուղի դպրոցում 1-ին դասարան չկա, մյուս դասարանների համար Սիսիանից են գալիս ուսուցիչները. այդ օրերին, երբ ավտոբուսը ուսուցիչներին բերում է Դաստակերտ, ու բնակիչները թոշակ են ստացած լինում, այդ ավտոբուսով գնում են, Սիսիանում են առեւտուր անում, բայց արդեն հետ գալը խնդիր է լինում. ճարահատյալ՝ տաքսի են նստում. «Էն որ ուտելու համար մի բան ավելի կարայինք առնեինք, տաքսուն ենք տալիս: Հիմա ոտքս բռնվել ա, ահավոր ցավում ա, մի դեղատուն չկա, որ մի բան առնեմ, չեմ էլ կարա տաքսով գնամ Սիսիանի հիվանդանոց: Մի անգամ մի կերպ գնացել էի բարեկամի տուն՝ Լոր գյուղ, պիտի ընդեղից գնայի Սիսիան, Սիսիանից էլ ավտոբուս նստեի գայի. չկար էդ ավտոբուսը, Լորից Սիսիան էլ ավտոբուս չկար: Գյուղացիք ասում են՝ գլոբուսից դուրս ենք»:

Այս համայնքում իրենց պատգամավորի անունն էլ չգիտեն, դաստակերտցիք ասում են՝ երեւի միայն համայնքապետը կիմանա պատգամավորի անունը. ընտրությունից ընտրություն, ինչպես բնակիչներն ասացին՝ ինչ-որ «գալստուկավոր» մարդիկ են գալիս, ասում՝ հա, խնդիրը կլուծենք, մեզ ձայն տվեք. «Գնում ենք, ձայն ենք տալիս ու մնում կոտրած տաշտակի առաջ: Ոչ մեկի պետքը չի, որ ստեղ 300-ից ավելի շունչ կա, մարդավարի ապրել ենք ուզում, հո չենք ասում՝ եկեք մեզ պահեք, ի սեր Աստծո, մենք մեզ յոլա ենք տանում, բայց մի հատ ավտոբուս էլ չունենա՞նք»:

Նշենք, որ այս տարածաշրջանը 037 ընտրատարածքն է, որի պատգամավորն է հանրապետական Հայկ Գրիգորյանը. այս անունը, սակայն, բնակիչներին ոչինչ չասաց, երբ հուշեցինք՝ Հայկ Գրիգորյանին գոնե դիմեն. «Մենակ մարզպետի անունը գիտեինք, էն էլ հանեցին (նկատի ունեն Վահե Հակոբյանին-Ա. Մ.)»:

Պարոն Գրիգորյանի «վերահսկողության» տակ են գտնվում Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները, Սիսիանի 36 համայնքներից ընդամենը 14 համայնքում է տրանսպորտ գործում, այսինքն՝ ներմարզային տրանսպորտ, իսկ Գորիսի տարածաշրջանի 27 համայնքներից՝ ընդամենը 4-ում:

Սյունիքի մարզպետարանի կայքէջից տեղեկացանք, որ Կապանի տարածաշրջանի 54 համայնքից էլ 13-ն են ապահովված հասարակական տրանսպորտով, իսկ Մեղրիի տարածաշրջանի 16 համայնքներում միայն մեկ՝ Մեղրի-Կապան երթուղայինն է աշխատում:

Որքան էլ բնակիչները շատ փափագեն, երազեն համայնքից համայնք գնացող ավտոբուսի մասին, մարզպետարանի պատասխանը հուսադրող չէ:

«Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը վստահեցրեց, որ չգործող երթուղագծերի համար մրցութային հանձնաժողովն այս տարվա հունվարի 14-ին, 15-ին եւ 16-ին մրցույթ է հայտարարել, սակայն հայտեր չեն ներկայացվել, այսինքն՝ ոչ մի ընկերություն ցանկություն չի հայտնել երթուղագծերը շահագործելու: Հանձնաժողովը, ինչպես օրենքն է պահանջում, նույն չգործող երթուղագծերի համար այս տարվա մարտի 20-ին էլ է մրցույթ հայտարարել, ու էլի հայտ չի ներկայացվել. հաջորդ մրցույթը հոկտեմբերին է հայտարարվելու:

Թե ի՞նչն է պատճառը, որ մրցույթներին հայտեր չեն ներկայացվում, մեր այս հարցին մարզպետարանի լրատվական ծառայության ղեկավարն ասաց՝ շահագրգռված չեն. «Ձեռնտու չէ, ճանապարհներն էլ լավը չեն: Բացի այդ, բնակիչներն էլ մեզ բողոք չեն ներկայացրել, օրինակ՝ մի երկու գյուղ բողոքել է, որ ճանապարհը լավը չէ, գնացել ենք տեղում խնդրին ծանոթացել ու վերանորոգել»: Մարզպետարանի այս պատասխանն ուշագրավ է նրանով, որ համապատասխան մասնագետներն ինքնակամ չեն այցելում համայնքներ, որպեսզի խնդիրներին ծանոթանան, եւ երբ հայտնվում են համառ ու չալարկոտ գյուղացիներ, որոնք փորձում են մարդավայել ապրելու իրենց իրավունքները պաշտպանել, նոր մարզպետարանը «տեղից շարժվում է». ժողովրդի ասած՝ «մինչեւ երեխան չի լացում, կուրծք չի տալիս»:

Մարզպետարանի աշխատակիցը մեկ այլ ուշագրավ դիտարկում էլ արեց տրանսպորտի խնդրի մասին. տիկին Մարությանի խոսքերով՝ «Կան գյուղեր, որտեղ մի քանի ընտանիք է ապրում, գյուղից դուրս չեն գալիս, իրենց տրանսպորտ պետք չի գալիս, իրենք էլ չեն պահանջում համապատասխան կառույցից տրանսպորտի հարց լուծել: Գուցե տեղեկատվության պակաս կամ գրագիտության խնդիր ունեն, որ այդ մարդիկ մարզպետարանին չեն դիմում, այլ թերթերով են բողոքում»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես արդեն առաջարկել եմ Կապանը դարձնել Հայաստանի 2-րդ մայրաքաղաք, իսկ Դաստակերտը՝ Սյունիքի մայրաքաղաք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930