Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու ամիս առաջ բակում կանգնած «Նիվան» հրկիզեցին»

Սեպտեմբեր 10,2014 16:30

Օրերս էլ գազարի դաշտն են թունավորել

Այս տարվա հունիսի 5-ին Արամուս գյուղի բնակիչ Արաքսյա Սարգսյանի տան բակում կայանած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան անհայտ անձինք հրկիզել են: Այս հանցագործության մասին մեկ օր հետո Ա. Սարգսյանը հայտարարություն է տվել Աբովյան քաղաքի ոստիկանության բաժանմունք՝ հայտնելով կատարվածի մասին: Դեպքից անցել է երկու ամիս, սակայն դեռեւս չի պարզվել, թե ով է հանցագործը:

«Այդ ամիսների ընթացքում ընտանիքս ահ ու սարսափի մեջ էր ապրում՝ մտածելով, որ ազատության մեջ գտնվող հանցագործը մի վնաս էլ կհասցնի: Եվ չսխալվեցինք»,- ասում է տիկին Արաքսյան: Ավտոմեքենայի հրկիզումից չանցած երկու ամիս՝ օգոստոսի 3-ին, Սարգսյանների ընտանիքը հայտնաբերում է, որ Արամուսի սեփականաշնորհված հողատարածքներում, որտեղ գտնվում են նաեւ նրա եւ ամուսնու եղբորը պատկանող հողամասերը, ամբողջությամբ սրսկված են խոտի թույնով: Ընդհանուր առմամբ 3000 մետր տարածքում ցանված գազարի արտը մեկ գիշերում անհայտ անձը ոչնչացրել է. «Հանցագործները գիշերով էին գազարի դաշտը թունավորել, երբ առավոտյան գնացինք, գազարի վերեւի կանաչ հատվածը «պառկել» էր, հավասարվել հողին: Գազարի բերքը դեռ այնքան չի հասունացել, որ գոնե հաջողվի ինչ-որ բան փրկել, առավել եւս չգիտենք թույնի տեսակը, եթե բերքի մի մասը փրկվի էլ, խիստ վտանգավոր է այն շուկա հանելը:
Այդ հողամասից տարեկան ստացել ենք յուրաքանչյուրս մոտ 12 տոննա բերք: Ստացվում է, որ մեր ընտանիքներից յուրաքանչյուրը հանցագործության պատճառով տուժեց 2 միլիոն դրամ: Փաստորեն մեր ընտանիքները կորցրին այս տարվա իրենց ապրուստի միջոցը, միակ եկամուտը: Ընտանիքս հիմա գտնվում է անելանելի վիճակում, չունի ապրուստի միջոց, ինչպե՞ս կարող ենք ապրել մի ողջ տարի»,- պատմում է Ա. Սարգսյանը:

Այս հանցագործության մասին տիկին Արաքսյան կրկին սեպտեմբերի 4-ին հաղորդում է տվել Աբովյանի ոստիկանությունում: Սպասում են:

Դիմելով ՀՀ նախագահին եւ ոստիկանապետին՝ Ա. Սարգսյանն ասում է. «Հիմա մեր ընտանիքն առավել ահաբեկված է եւ չգիտի, թե նորից ինչ կգա իր գլխին: Այս երկու դեպքից հետո կասկածի տակ է, որ սովորական քաղաքացին պաշտպանված է իր երկրում: Նշեմ, որ գյուղում եւ ընդհանրապես Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս մեր ընտանիքը որեւէ թշնամի չունի, որը կարող էր մեզ նման վատություն անել: Այս մասին են վկայում նաեւ մեր գործը վարող քննիչի հետաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ Արամուսում կատարված հարցուփորձի արդյունքում որեւէ բացասական խոսք չի եղել մեր ընտանիքի մասին»:

Նշենք, որ Ա. Սարգսյանը երկկողմանի ծնողազուրկ 5 երեխաների խնամակալ է։ Նրանց հայրը՝ Յաշա Միրզոյանը, զոհվել է արցախյան պատերազմում։ Մայրն էլ Ղարաբաղից գաղթի ճանապարհին ընկել է շրջափակման մեջ եւ սպանվել։ Երեխաներից մեկն էլ հաշմանդամ է։

Չուզենալով խախտել անմեղության կանխավարկածը, քանի որ երկու հանցագործություններն էլ դեռեւս քննության փուլում են, Արաքսյա Սարգսյանը չի ուզում որեւէ մեկին կասկածել հանցագործության մեջ, սակայն նշում է, որ իր համագյուղացիներից մեկի հետ իր ընտանիքն արդեն 6-7 տարի է՝ կենցաղային՝ հողատարածքի խնդիր ունի:

Սեփ.լր.

Լուսանկարը` արխիվային

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930