Ժողովրդավարական երկրներում, իսկ ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենց ժողովրդավարական են համարում, ժողովուրդն իշխանություն է ընտրում ու պատվիրում իր համար ընդունել օրենքներ, կյանքի կոչել դրանք ու վերահսկել դրանց կիրառումը:
Սակայն, հետեւելով հատկապես վերջին զարգացումներին՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում իշխանություններն օրենքներն ընդունում են իրենց համար, կիրառում իրենց համար ու վերահսկում միայն ուրիշներին:
Դրա վառ օրինակն էր «Կուտակային կենսաթոշակի մասին» 2010-ին ընդունված օրենքը, որն ուժի մեջ պետք է մտներ 2014-ի հունվարից:
Վստահեցնում էին, թե պարտադիր կուտակային կոչվող համակարգին անցնելու համար տասը տարի նախապատրաստական աշխատանք էր կատարվել, որ համակարգը ստեղծելու վրա աշխատել են երեք նախագահներից երկուսը, 12 վարչապետներից երեքը, չորս կոալիցիոն կուսակցություն, տասնյակ մասնագետներ, միջազգային կազմակերպություններ եւ աշխարհի լավագույն փորձագետներ: Բայց ինչքան էլ վստահեցնում էին, թե օրենքը ժողովրդի համար են ստեղծում, հենց նույն ժողովրդի զգալի մասը սվիններով ընդունեց այն: Տասնյակ իրավաբաններ ու տնտեսագետներ, ծրագրավորողներ ու գործատուներ ազդարարեցին, որ օրենքի որոշակի դրույթներ հակասում են երկրի Սահմանադրությանը եւ պատվիրեցին խորհրդարանական ընդդիմադիր ուժերին դիմել Սահմանադրական դատարան: Դատարանն էլ մի քանի ամիս ուսումնասիրեց եւ 64 էջից բաղկացած որոշում կայացրեց օրենքի որոշ դրույթների Սահմանադրությանը հակասելու մասին: Մինչեւ սեպտեմբերի 30-ը օրենքի` Սահմանադրությանը հակասող դրույթները պետք է փոփոխվեին: Իշխանությունները լծվեցին փոփոխություններ կատարելու գործին: Ու նորից առանց ժողովրդի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու, այս անգամ նույնիսկ առանց քննարկելու, հապշտապ ընդունեցին փոփոխությունները: Եվ քանի որ ներդրած կուտակային համակարգից դժգոհում էին առավելապես մասնավոր հատվածի աշխատողները, կառավարությունը հարցի լուծման, իրենց պատկերացմամբ, արդյունավետ տարբերակը գտավ: 2014-ի հուլիսի 1-ից պարտադրվեց 74 թվականի հունվարի 1-ից հետո ծնված պետական համակարգում աշխատողներին կատարել նպատակային սոցիալական վճարումներ: Համակարգի անունը փոխվեց, պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցիալական վճար: Մասնավոր հատվածի աշխատողներին էլ թույլատրվեց պարտադիր համակարգին չմիանալ եւս երեք տարի, իսկ առաջիկա երեք տարիներին համակարգին կարող են միանալ կամավորության սկզբունքով: Իշխանությունները, սակայն, հաշվի չէին առել, որ մեր երկրում պետական հատվածում աշխատողների զգալի մասը համատեղության կարգով աշխատում է մասնավոր ընկերություններում: Եվ հենց այստեղ նոր խնդիրներ ծագեցին, ինչի մասին բարձրաձայնեցին բուհերի դասախոսները: Բուհում աշխատելու պատճառով նրանք պարտադրված են նպատակային սոցիալական վճարումներ կատարել ոչ միայն համալսարաններից, այլեւ մասնավոր ընկերություններից ստացվող աշխատավարձերից: Եվ նորից անհավասար պայմաններ, նորից խտրական մոտեցում: Արդյունքում տասնյակ դասախոսներ աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին: Այսինքն, նորից խնդիրը համակողմանի չուսումնասիրելու, մասնագետների հետ չքննարկելու, հետեւանքները չհաշվարկելու պատճառով հարված ենք հասցնում ոչ միայն տխրահռչակ օրենքի հեղինակությանը, ոչ միայն իշխանությունների հանդեպ չեղած վստահությանը, այլեւ կրթական համակարգին: Իհարկե դասախոսներից ոմանք միացան ու վարչապետին բաց նամակ ուղղեցին, վարչապետն էլ նամակին ծանոթանալուց հետո հանձնարարեց հարցն ուսումնասիրել եւ խնդիրը լուծելու համար առաջարկություններ ներկայացնել: Այսինքն, սպասենք նո՞ր փոփոխությունների, թե՞ հարցի էլի մի նոր ժամանակավոր լուծման:
Կարդացեք նաև
Ասում են՝ բոլոր այն երկրներում, որտեղ անցել են կուտակային համակարգին, հասարակությունը սկզբում ընդվզել է, դժգոհել: Որոշ երկրներում տեղի տալով ժողովրդի պահանջին՝ հրաժարվել են գաղափարից, որոշ երկրներում էլ համակարգը վերափոխել են ըստ ժողովրդի պահանջների:
Սինգապուրում, օրինակ, փոփոխությունների հիմքում երկու հիմնական սկզբունք դրեցին. քաղաքացին պետք է շահագրգռված լինի հենց կուտակային հիմնադրամում ներդրում կատարելու համար, ուստի այդ ներդրումների եկամուտը պետք է գերազանցի բանկային համակարգի դեպոզիտային տոկոսադրույքը: Երկրորդ` ժողովուրդը պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ իր վաստակած գումարը պատկանելու է միմիայն իրեն եւ որեւէ պարագայում չի փոշիանա:
Ցանկացած երկարաժամկետ ծրագիր կարող է հաջողություն ունենալ միայն փոխադարձ վստահության պարագայում: Եվ այն պետք է հնարավորինս քիչ փորձության ենթարկել: Չէ՞ որ վստահությունը ռետինի նման է` ամեն սխալից ու ջնջումից հետո փոքրանում է:
ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.09.2014