Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպք՝ ավտոբուսում

Սեպտեմբեր 10,2014 15:30

Օրերս մի արտառոց դեպք պատահեց 58 համարի երթուղային ավտոբուսում: Երեկոյան տուն վերադառնալիս նստած էի նախավերջին նստարանին. մի տարեց տղամարդ էր բարձրացել ու կանգնել վերջին նստարանի մոտ, մի ձեռքին վարդերի մի թոշնած փունջ (իսկն իր նման), մյուսին՝ հենափայտ, վերջինս էր պատճառը, որ ճերմակամազ տիկինը ոչ միայն տեղը զիջեց, այլեւ մի քանի անգամ ներողություն խնդրեց, որ չէր նկատել:

Տղամարդն էլ դժվարությամբ համաձայնեց նստել, ընդդիմանում էր ու չէր ուզում նստել: Իմ կողքին նստած աղջնակն էլ տիկնոջը զիջեց տեղը, ես էլ, իրողությունից ազդված, մտքումս շատ-շատ լավ բաներ էի մտածում մեր ժողովրդի ու աղջիկների մասին, երբ մի քանի կանգառ չանցած՝ կիսաձայն լսում եմ խմած, հաշմանդամ ձեւացող բիձու փսփսոցը՝ կողքը նստածին, թե համաձայնվի. էս վարդերը կտամ քեզ, քեզ լավ կպահեմ ու էլի ինչ-ինչ խոստումներ, որ ավելի ցածրաձայն էին: Չեմ կարող տեսնել ինձանից հետ նստածին, ո՞վ է, ի՞նչ ռեակցիա է տալիս: Անմիջապես դիմեցի կողքիս նստած կնոջը, թե էս ո՞ւմ տեղը զիջեց, լսո՞ւմ է, արդյոք, դրա բարբաջը. ասաց, թե չի լսում, բայց խմիչքի հոտը բուրում է եւ կիսաթեքվելով՝ տեսավ, որ բիձու կողքինը դեռատի, սիրունիկ օրիորդ է, մոտ 20 տարեկան, զբաղված է իր հեռախոսով, բանի տեղ չի դնում: Այլեւս համբերել չէի կարող, մինչ աղջնակին կասեի վեր կաց տեղիցդ, նա արդեն ոտքի վրա էր, կեղտոտ բիձան էլ այս անգամ դուրս գալու տեղ չէր տալիս, ավելին՝ սպառնալիքներով ու հայհոյանքներով բացեց կեղտոտ բերանը: Ձայնեցի վարորդին, որ արգելակի մեքենան, որ մեկին պետք է դուրս հանել ավտոբուսից, բիձուն նախատում էինք ես ու կողքիս կինը, իսկ կանգնած երիտասարդ 4-5 տղամարդուց ծպտուն դուրս չեկավ: Ի տարբերություն վերջիններիս, բավականին աչալուրջ ու համարձակ գտնվեց ավտոբուսի վարորդը, ով անմիջապես արգելակեց մեքենան, վերջին դռնից բարձրացավ ավտոբուս եւ վզից բռնեց ու դուրս շպրտեց կարգազանց խուլիգանին, որը դեռ տարերքի մեջ էր եւ աղաղակում էր, թե ինքը կռված ազատամարտիկ է:
Դեպքը հրապարակելու խնդիր չէի տեսնում, բայց եւ օրինակելի վարորդի մասին շատ էի ուզում, որ իմանային բոլորը, ինչո՞ւ չէ՝ նաեւ նրա վերադասները… Անուն-ազգանունը չեմ հարցրել, սակայն իջնելուց շնորհակալություն հայտեցի ու մտապահեցի ավտոբուսի պետհամարանիշը՝ 43-31:

Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Չէի կարծում, որ այսքան շատ ընթերցող կունենար այս փոքրիկ նյութը, երբ գրում էի ֆեյսբուքյան պատուհանիս և վերջում միայն մտածեցի հրապարակման ուղարկել : Կարծում եմ՝ պետք է հետաքրքրվել նաև քաղաքապետարանի տրանսպորտի վարչության արձագանքով…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930