«Առավոտը» բազմաթիվ ահազանգեր է ստանում ծնողներից, որ դպրոցների համար նախատեսված դասագրքերը վաճառվում են Վերնիսաժում եւ գետնանցումներում, ավելին՝ այդ դասագրքերի վրա առկա են համապատասխան դպրոցների կնիքները: Երեկ շրջեցինք Վերնիսաժում եւ ուսումնասիրեցինք տեղի գրավաճառների մոտ վաճառվող դասագրքերը: Միայն մի դեպք հայտնաբերեցինք: Խոսքը 5-րդ դասարանի աշխարհագրության դասագրքի մասին է, որի վրա կնիք կար, սակայն, այս դեպքում էլ չէր նշմարվում, թե ով է եղել գրքի իրական հասցեատերը: Իմիջիայլոց, Վերնիսաժի գրավաճառները շատ զգուշավոր էին: Նրանք նեղվում էին, երբ թերթում էինք դասագրքերը: «Ասեք՝ ինչ է պետք, մենք կտանք, բոլոր գրքերին ձեռք մի տվեք»,- շատերից նման պատասխան էինք ստանում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.09.2014