Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Գևորգյան հոգևոր ճեմարանի «Սերմնացան» մատենաշարի շրջանակներում լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Գարեգին սարկավագ Հովսեփյանի (Գարեգին Կաթողիկոս Հովսեփյանց) «Եկեղեցին և աղքատների խնամատարության գործը» աշխատությունը:
Այս աշխատությունն իր ուրույն ու կարևոր տեղն է զբաղեցնում Գարեգին Հովսեփյանի հարուստ ու բազմաբովանդակ գիտական ժառանգության մեջ և մեծապես պայմանավորված է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներով: Գարեգին Հովսեփյանն իր այս աշխատանքով նպատակ է հետապնդել ձևավորելու այնպիսի մթնոլորտ և գաղափարական սկզբունքներ, որոնք թույլ կտան Հայ Եկեղեցուն ակտիվ և կազմակերպված գործունեություն իրականացնել սոցիալական ծառայության բնագավառում, ինչպես նաև` հստակ դիրքորոշում որդեգրել ժամանակի սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ:
Աշխատության մեջ երևելի եկեղեցականի ուշադրության կենտրոնում առաջնահերթ նշանակություն են ունեցել հասարակության խոցելի խմբերի` աղքատների, որբերի, անչափահասների, մուրացկանների, աշխատազուրկների և բարոյական անկման եզրին կանգնած մարդկանց ճակատագրերը: Ոսումնասիրության առաջաբանը շարադրվել է Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի և նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ