Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ում կարծրատի՞պ է կոտրվել

Սեպտեմբեր 08,2014 19:28

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մինչ օրս խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին: Փաստացի հայկական կողմին հաջողվեց այնպես անել, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում նշվի, որ դաշինքը կողմ է հակամարտության կարգավորմանը բանակցային գործընթացով, որն արդեն գործում է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու բանակցային գործընթացին այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում հայկական դիվանագիտությանը հաջողվեց կոտրել ՆԱՏՕ-ի անցած տարիների այդ մոտեցումը, որը հենված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության վրա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն միջազգային օրենքի սկզբունքներին է հակասում ու մանրամասնել էր. «Վերջին գագաթնաժողովների ընթացքում այն դրույթը, որ վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, այնտեղ ձևակերպումներ են ներառվել, որոնք ընտրովի մոտեցումներ են արտահայտում, որը չի համապատասխանում եռանախագահների կողմից արտահայտված գաղափարներին և առաջարկներին, այն հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում վերջին տարիների ընթացքում: Ընտրովի մոտեցումը միջազգային օրենքի սկզբունքներին հակասում է, հակասում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին»: Մեր այս դիտարկմանը քաղաքագետն արձագանքեց. «Ես չեմ լսել Էդվարդ Նալբանդյանի նման հայտարարությունը: Բայց փաստն այն է, որ մինչ օրս ՆԱՏՕ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջ մասին է բացառապես խոսել, այս անգամ նաև խոսվել է գործող ձևաչափում հակամարտության կարգավորման մասին»:

Անդրադառնալով ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացներին, պարոն Մելիք-Շահնազարյանը նշեց. «Կարծում եմ մոտ ապագայում՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Մաքսային միությանը միանալու գործընթացքը իր տրամաբանական ավարտին կհասցվի և Հայաստանը կմիանա այդ պայմանագրին»:

Քաղաքագետը նկատեց, որ «հուլիս-օգոստոս ամիսներին սահմանում իրավիճակ է փոխվել»: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ հայկական կողմը եղել է և շարունակում է լինել դոմինանտ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930