Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի անցկացումն անհրաժեշտություն է». Հասմիկ Բաղրամյան

Սեպտեմբեր 08,2014 18:52

Սեպտեմբերի 11-15-ը կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 3-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը:

Հայաստանն այս տարի հյուրընկալել է լեհական «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» ֆոլկլորային խմբերին, իսկ Հայաստանից մասնակցում են «Տոնացույց», «Ակունք», «Տարոնցիներ», «Մասունք», «Սասուն», «Կաթնաղբրիկ», «Հայոց հարց» և ազգագրական այլ խմբեր:

«Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը գտնում է, որ այսպիսի փառատոները մեր օրերում անհրաժեշտություն են. «Այսօր մարդիկ տարբեր շոուներ են անում, ինչ-որ դեկորացիաների հետևից են ընկնում, իսկ ազգային մշակութային ժառանգության պահպանումը օրհասական խնդիր է դարձել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ աշխարհում շատ տարածված են ժողովրդական մշակույթը ներկայացնող փառատոները, իսկ Հայաստանը նոր-նոր է քայլեր անում այդ ուղղությամբ. «Ընդամենը երրորդ տարին է, որ մենք համագործակցում ենք մշակույթի նախարարության հետ և նպատակ ունենք ներկայացնելու մեր ազգագրական խմբերին, խթանելու նրանց զարգացումը մանավանդ գյուղերում, որովհետև ֆոլկլորն ապրում է գյուղերում»,- ընդգծեց նա:

Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը նույնպես կարծում է, որ ազգային մշակույթը հենց գյուղական միջավայրում է կենդանի. «Մշակույթի նախարարությունը ցանկանում է խրախուսել ոչ նյութական ժառանգության կրողներին: Կարևորելով նրանց դերը՝ մենք ցանկանում ենք ցույց տալ, որ նրանց կրած մշակույթը շատ արժեքավոր է ու հետաքրքիր»,- ասաց Ե. Մարգարյանը՝ կարևորելով փառատոնի մեկ այլ կողմ ևս. «Փառատոնը շատ հետաքրքիր է նաև ճանաչողական առումով: Այն հնարավորություն է տալիս ճանաչելով ուրիշինը՝ գնահատել սեփականը»,- ասում է նա:

Տեղեկացնենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա Բյուրականում: Այստեղի Մշակույթի տան բեմում կպարեն պրոֆեսիոնալ խմբերը, իսկ դահլիճում, որտեղից հավաքված կլինեն աթոռները, կպարեն կամ կսովորեն պարել ազգագրական պարերով հետաքրքրված մարդիկ:

Բացի համերգային ծրագրերից, նախատեսված են նաև թանգարանային այցեր, էքսկուրսիաներ, և այլ միջոցառումներ:

Իսկ փառատոնի փակումը տեղի կունենա Ուջանում՝ Ֆիդայիների պուրակում:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930