Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ. «Մարդկանց լավ ապրելակերպը տեսնում եմ միայն ու միայն զբոսաշրջությանը վերաբերող ենթակառուցվածքների զարգացման մեջ»

Սեպտեմբեր 08,2014 18:21

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի ղեկավարը հույս ունի, որ Հալիձորը Տաթեւին կապող ճոպանուղին կնպաստի գյուղի զարգացմանը: Թեեւ ճոպանուղու շահագործումից համայնքին տրամադրվող գումարները մեծ չեն՝ ընդամենը տարեկան 60 հազար դրամ, բայց «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը նպաստում է գյուղի զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը:

Այս մասին մեզ հետ ունեցած զրույցում նշեց Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը՝ նշելով, որ 85 աշակերտ ունեցող գյուղական դպրոցը ««Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվում է այժմ: ««Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը 53 մլն դրամ գումար է նվիրաբերել եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրով այս պահին շարունակվում է դպրոցի նորոգման աշխատանքները: Ճոպանուղու կառուցմամբ կանխվեց արտագաղթը. գյուղում ընտանիքներ կային, որ այդ ընտանիքների կերակրողները գնում էին խոպան գումար աշխատելու, իսկ հիմա դրանց կեսը էստեղ է մնում, անընդհատ շինարարություն է լինում գյուղում, ընդգրկվում են այդ աշխատանքներում կամ հիմնական գործի են անցնում ճոպանուղում: Գյուղում կամաց-կամաց ձեւավորում են աշխատատեղերը: Այս պահին 4 հոգի ճոպանուղում է աշխատում, 4 հոգի էլ՝ «Տաթեատուն» ռեստորանում: Մարդկանց լավ ապրելակերպը տեսնում եմ միայն ու միայն զբոսաշրջությանը վերաբերող ենթակառուցվածքների զարգացման մեջ», – նշեց գյուղապետը եւ հավելեց, որ նախնական ծրագրերով մտադիր են նաեւ գյուղի տանիքները միատեսակ նորոգել, մեծ ցանկություն կա նաեւ գյուղում շուկա հիմնելու, որի շնորհիվ տեղական գյուղատնտեսական արտադրանքը զբոսաշրջիկներին կվաճառվի, եկամուտ կապահովվի գյուղացիների համար եւ նոր աշխատատեղեր կստեղծվի Հալիձորում:

Գյուղում թերեւս, զբոսաշրջիկներին ընդունելու համար նաեւ պետք է բոլոր պայմանները ստեղծել, որպեսզի գյուղ այցելողներն անհարմարությունների չհանդիպեն, իսկ գյուղում այսօր խնդիրներ կան, որոնք առաջին հերթին դժվարություններ են ստեղծում հենց գյուղաբնակների համար: Գյուղապետի փոխանցմամբ՝ այդ խնդիրները կարեւոր են, սակայն համայնքի 11 մլն 513 հազարանոց բյուջեով հնարավոր չէ դրանք լուծել: Գյուղը գազաֆիկացված չէ, ոռոգման ջրագիծ չունի, ներհամայնքային ճանապարհներն էլ կապիտալ բարեկարգման կարիք ունեն:

«Առաջին հերթին գազի խնդիրն է հյուրատների համար կարեւոր, ոռոգման ջրի խնդրի լուծմամբ ավելի շատ գյուղատնտեսական մթերքներ կկարողանան գյուղացիները արտադրեն զբոսաշրջիկների համար, ներհամայնքային ճանապարհների կապիտալ բարեկարգում է պետք՝ փոշուց տհաճություններից խուսափելու համար: Ամեն տարի հողալցումներ ենք անում եւ փոսերը ծածկում, բայց դա հարցի լուծում չէ, կապիտալ նորոգում է պետք անել, ինչը գյուղի բյուջեով հնարավոր չէ: Այդ միջոցներով երկու ուղղությամբ աղբահանություն ենք իրականացնում՝ մեկը համայնքի ներսում՝ շաբաթական մեկ անգամ մեքենան շրջում է հավաքում աղբը, մյուսն էլ Գորիսի կոմունալի հետ պայմանագիր ունենք, շաբաթը մեկ անգամ ընդհանուր վարչական տարածքում տեղադրված աղբամանների աղբն են հավաքում-տանում, բյուջեի մնացած գումարն էլ մյուս ծախսերի ու աշխատավարձերին է հազիվ բավականացնում», – ավելացրեց 520 բնակիչ ունեցող Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930