«Կա մտահոգություն: Տպավորություն է, որ էբոլայի վիրուսով վարակված մարդուն փորձում եք կիտրոնով թեյով բուժել: Ցանկացած դեպքում այս որոշումները պիտի դատարանով որոշվեն»,- այսօր ԱԺ-ում այսպիսի համեմատություն արեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրինագծի հետ կապված:
Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում եւ վարորդներին իրենց տուգանքների մասին ծանուցել իր նախընտրած տարբերակով, որովհետեւ այսօր վարորդները բողոքում են, որ իրենք չեն ծանուցվել պատշաճ, տուգանքներն էլ կրկնապատկվել, եռապատկվել են:
Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց. «Ծանուցումից հետո 10-օրյա բողոքարկման ժամկետը բավարար չի լինում հասկանալու՝ որտեղից եկավ տուգանքը: Երկրորդը՝ չէ՞ որ էլեկտրոնային աշխարհը անսահմանափակ հնարավորություն է տալիս, տեղեկատվական տիրույթ սահմանեք օրենքով, որպեսզի յուրաքանչյուր տուգանված անձնավորություն բացի ծանուցման վերաբերյալ հաստատված կարգից կամ իր կողմից ընտրված ձեւերից նաեւ հնարավորություն ունենա երկար ժամանակահատվածում տեղեկատվություն ստանա՝ իր նկատմամբ վրա հասած ճակատագրի շանթահարող պատժիչ գործողությունների վերաբերյալ, այն է՝ ոստիկանության տույժերի ու տուգանքների մասին»:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ «երբ էբոլայի վիրուսով հիվանդ մարդուն փորձում ես կիտրոնով թեյ տալ, ես, իհարկե, չեմ կարծում, որ դա լավ մեթոդ է, բայց քանի դեռ չես հայտնաբերել ամբողջական բուժման տարբերակը, պետք է ընդհանրապես նրան ոչ թեյ տաք, ոչ մի բան չտաք, ասեք սպասի, մինչեւ ամբողջական բժշկական մեթոդը կգտնենք, դրան հետո կանդրադառնանք. «Երբ կարող ենք մի բանով թեթեւացնել եւ արագ արձագանքել, ես դրա կողմնակիցն եմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ