Այսօր` սեպտեմբերի 8-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը եւ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձան Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմին եւ նրա հարցազրույցին:
Սուքիաս Ավետիսյանը հրաժարվեց խոսել ՝ պատճառաբանելով, որ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարությամբ է հանդես եկել, եւ ինքը նպատակահարմար չի գտնում եւս մեկ անգամ խոսել այդ խնդրի մասին. «Մենք չենք ուզում անընդհատ անդրադառնալ, մեկ անգամ անդրադարձել ենք՝ բավական է»:
Իսկ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ ինչ-որ ասում է Ռոբերտ Քոչարյանը կարմիր գծերի, տնտեսական փլուզման մասին, ինքը ողջունում է. «Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է այն հատվածում, երբ որ սուր քննադատության է ենթարկում, ուղղակի փաստն ասում է, որ փաստ է, եթե սուտ է ասում այդ մարդը, դատի տվե’ք: Ինչպե՞ս կարելի է անմեղ մարդկանց տանել բանտերը լցնել, Ռոբերտ Քոչարյանին չի կարելի կանչել քրեական պատասխանատվության, օրինակ` ասել` ինչո՞ւ ես սուտ ասում կարմիր գծերի վերաբերյալ: Պետք է ծպտուն չհանել, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ