Հոգեբույժ, բժշկա-պատմաբան Հարություն Մինասյանը Հայաստանում հայ բժշկության պատմության թանգարան ստեղծելու նպատակ ունի: Շուրջ երեսուն տարիէ՝ զբաղվում է հայ բժշկությանը վերաբերող նյութերի հավաքմամբ, որի արդյունքում մոտ երեսուն հազար ցուցանմուշ է հավաքել: Սակայն իր ուժերով ստեղծված հավաքածուի համար անհրաժեշտ տարածք չկա: Ասում է, որ իր աշխատավայրի սենյակներից մեկն է վերածել թանգարանի, որտեղ հնարավոր չէ հինգ հազարից ավելի նմուշ ցուցադրել:
Պարոն Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թանգարանի համար անհրաժեշտ տարածք ստանալու խնդրանքով դիմել է հանրապետության նախագահին, վարչապետին, առողջապահության և մշակույթի նախարարներին, քաղաքապետին և ուրիշների, բայց բոլորի պատասխանը նույնն է եղել. «Մեծ գործ եք անում, պարո´ն Մինասյան, շատ շնորհակալ, ազգանվեր գործ եք անում, բայց մենք, ցավոք, չենք կարող ձեզ տարածք տրամադրել»,- մեջբերեց Հ. Մինասյանը՝ մտահոգվելով, որ ինքն իր անձնական միջոցներով չի կարող ձեռք բերել անհրաժեշտ՝ 500-1000 քառակուսի մետր տարածքը և այն վերածել թանգարանի:
Հ. Մինասյանը, սակայն, նկատել է, որ քաղաքում շատ լավ շենքեր կան, որոնք ցանկության դեպքում կարող են դառնալ թանգարաններ: Դրանք, ըստ նրա, չեն օգտագործվում ճիշտ նպատակով. «Օրինակ՝ Աբովյան 3 հասցեում տեղակայված ԱՕԿՍ-ի շենքը, որը նախկինում եղել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի տունը: Այդ շենքն այն ժամանակ նշանակություն ուներ, երբ մենք չունեինք արտգործնախարարություն և սփյուռքի նախարարություն, իսկ հիմա, երբ ունենք երկուսն էլ, ԱՕԿՍ-ի դերն արդեն ինքնըստինքյան վերանում է, և այդ շենքը հանգիստ կարող են տրամադրել բժշկության թանգարանին, ավելին՝ այդ շենքը պարտավոր են վերադարձնել բժշկությանը, որովհետև խլել են բժշկից»,- ասում է Հ. Մինասյանը:
Բժշկապատմաբանը շատ է կարևորում Հայաստանում հայ բժշկության պատմության թանգարանի ստեղծումը և հուսով է, որ այս հարցի լուծմանը կարող են նպաստել նաև բարեգործները: Այդ նկատառումով վերջերս բաց նամակ է գրել՝ ուղղված աշխարհի հայ բժիշկներին. «Հուսով եմ՝ նրանց մեջ կգտնվեն բարեգործներ, որոնք ձեռնամուխ կլինեն խնդրի լուծմանը, թեկուզ պայմանով, որ թանգարանն իրենց անունով կոչվի»,- նշեց բանախոսը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ