Շահեն Հարությունյանի մայրը այսօր անչափահաս որդուն 5 տարվա ազատազրկման դատապարտելու դատախազի ներկայացրած միջնորդությունից անակնկալի է եկել: «Որդուս հարցով մտածում էի, որ այդքան տարիներ չեն տա, ընդամենը հորն է պաշտպանել: Ուղղակի իշխանության պատվեր է, հերթական պատվերն է, այնպես չէ, որ մեծ բաներ էինք սպասում: Բայց սրանով նրանք հաստատում են 15 թշնամի, իրենց հարազատներով»,- դատական նիստից հետո ասաց Ռուզան Հարությունյանը:
Դատական նիստի ժամանակ Շահեն Հարությունյանը` հոր՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կողքին էր: Լրագրողների հարցին, թե ինչ ասաց հայրը, երբ լսեց պատժաչափի մասին, արդյոք զարմացա՞վ, ասաց` իրենց համար զարմանալի չէր: Շանթ Հարությունյանը միայն խորհուրդ է տվել որդուն «դուխը տեղը պահել»:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել անցած տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ