Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կանոնակարգումներ` դատաբժշկության ոլորտում

Սեպտեմբեր 08,2014 16:16

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` նվիրված դատական բժշկության արդի խնդիրներին։ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանը ներկայացրեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկա վիճակը, կառուցվածքը, գործունեությունը և զարգացման հեռանկարները։ Նա շեշտեց, որ բարդ փորձաքննությունների բաժնի համար խնդրահարույց է նեղ մասնագետների` դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններին մասնակցության ապահովումը: Կարևորվեց նաև գլխավոր և առաջատար մասնագետների ինստիտուտի ստեղծումը։ Նշվեց, որ ավելացել են հանձնաժողովային, համալիր և կրկնակի փորձաքննությունները: Բանախոսը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ներկայացված առաջարկներին, մասնավորապես` մարզերում դիահերձարանների վերազինման, տրանսպորտային հագեցվածության ապահովման, հիվանդանոցներում պետպատվերի հիմունքներով դատաբժշկական դեպքերի հետազոտության, արտասահմանում կադրերի վերապատրաստման խնդիրներին:

Արմեն Մուրադյանը կարևորեց նաև բժշկական փաստաթղթերի լրացման չափորոշիչների ստեղծումը և դրանց կիրառումը: Շեշտեց, որ անհրաժեշտ է մշակել ինստիտուցիոնալ մոտեցումներ` չանդրադառնալով առանձին դեպքերի, որոնք իրավական դաշտում են: Նախարարը հանձնարարեց Առողջապահության ազգային ինստիտուտին` զբաղվել վերը նշված բոլոր հարցերով։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանն ընդգծեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ստեղծվել է 2004 թվականին, հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրով, անդրազգային հանցավորության դեմ պայքարի նպատակով: Կառույցը` որպես դատաբժշկական գիտագործնական կենտրոնին հարակից և այլընտրանքային ծառայություն, զբաղվում է դատաբժշկական փորձաքննություններով: Բյուրոն ունի վեց դատաբժիշկ: Նշվեց, որ կենտրոնը զբաղվում է կրկնակի փորձաքննություններով, նաև բժշկական իրավախախտումների վերաբերյալ առաջնային հանձնաժողովային բժշկական փորձաքննություններով:
«Պետք է նվազագույնի հասցնել բժշկական սխալների դեպքում առկա սուբյեկտիվ գործոնը: Դրա համար, կարծում եմ` անհրաժեշտ է կազմակերպել քննարկումներ նաև ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Իմ կարծիքով, ամենաարդյունավետ մեխանիզմները կլինեն գործելակարգերը, որոնք կընդունվեն առողջապահության ազգային ինստիտուտի կողմից»,-նշեց Արտաշես Ջավադյանը։

Արմեն Մուրադյանը կարևորեց այն դեպքերի վերհանումն ու վերլուծությունը, որոնց վերաբերյալ կան իրար հակասող դատաբժշկական եզրակացություններ: «Անհրաժեշտ է ունենալ թվային տվյլաներ։ Եթե այդ եզրակացությունների թիվը մեծ է, նշանակում է` արդեն իսկ առկա է խնդիր, որը պետք է լուծում ստանա»:

Նախարարը կարևորեց մարզերում դատաբժշկական փորձագետներով հագեցվածության խնդիրը: Դաշտի ներքին կանոնակարգման համար Արմեն Մուրադյանն ընդգծեց չափորոշիչները հստակեցնելու խնդիրը` առաջնային համարելով հատկապես բուժհաստատություններում հիվանդի պատմագրության, բժշկական փաստաթղթերի լրացման կարգի սահմանումը: «Չչափագրված կանոնները հանգեցնում են տարատեսակ իրավիճակների, ուստի գործողությունները պետք է ամրագրված լինեն` ըստ չափորոշիչների»,-նշեց առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին առաջարկեց համագործակցել վեր հանված խնդիրների լուծման շուրջ, ներկայացնել առաջարկներ` միաժամանակ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտին և բժշկական օգնության քաղաքականության վարչությանը հանձնարարելով սեղմ ժամկետներում մշակել մասնագիտությունների որակավորման բնութագրերը, գործելակարգերը և նորմատիվային այլ փաստաթղթեր, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ` դատաբժշկական փորձագետների, ինչպես նաև համապատասխան ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եզրափակելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հետևողական է լինելու այս հարցերի շուտափույթ լուծման հարցում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930