Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել տուժող Արտակ Գալստյանը: «Ֆինանսական բուրգի» գործով նա հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին, որը ունեցել է տարադրամի փոխանակման 3 կետ եւ ավազահանք: Որպեսզի իր գումարը 2%-ով շրջանառության մեջ դնի, 100.000 եվրո գումար է տրամադրել ստացականով, հետագա գումարների ներդրման ժամանակ փոխառության պայմանագիր կնքել: Ըստ այս տուժողի՝ Արթուր Անդրեասյանը իրեն պարտք է եղել 720 հազար դոլար գումար: Տուժողը հայտնեց, որ Բաղրամյան փողոցում ունեցել է տուն, որը Արթուրը առաջարկել է գրավ դնել, դրանից ստացած գումարը նույնպես շրջանառության մեջ դնել:
Հետագայում Արթուր Անդրեասյանը իրեն հայտնել է, որ «նեղ» վիճակում է: Վկայի ցուցմունքից պարզվեց, որ բարձրաստիճան ոստիկաններ Ներսիկ Նազարյանի որդին, Կարեն Բաբակեխյանը, Ներսիկ Նազարյանի օգնականը 200 հազար, 100 հազար դոլար գումարներ են տվել, եւ որ Արթուրի ձեռքի տակ եղել է ցուցակ: Այս վկան հետագայում է իմացել, որ «Բաղրամյանն» անցել է Կարեն Բաբակեխյանին, նկատի ունենալով Բաղրամյան փողոցի այն տունը, որը գրավի անվան տակ տրվել էր Արթուր Անդրեասյանին: «Ես զարմացա, որ թատերականացվեց այս ամենը: Տուժողներից ոմանք հրաժարվեցին իրենց ցուցմունքներից, Կարեն Բաբակեխյանն ասել էր՝ Արթուրը նեղ վիճակում է, չի կարողանում, սակայն այդ ինչպե՞ս եղավ, որ Բաղրամյանի տունն անցավ նրան, 100.000 դոլարը ինքն էր տվել, 26 հազարը ճարել էր Արթուրը»: Ի դեպ, Ներսիկ Նազարյանի աներորդին նույնպես 100 հազար դոլար էր շրջանառության համար տվել Արթուր Անդրեասյանին:
Մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ