Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Եվրոպայի ֆուտբոլի 2016թ. առաջնության որակավորման փուլի վերջին խմբի անդրանիկ հանդիպումը: Բացումը կատարվեց Հայաստանի և Դանիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպմամբ: Հանդիպումը տեղի էր ունենում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի Պարկեն մարզադաշտում, որը տեղավորում է շուրջ 38.000 երկրպագու:
Հանդիպմանը, իհարկե, ներկա էին Հայաստանի հավաքականի մեծ թվով երկրպագուներ: Հայ ֆուտբոլասերները ժամանել էին Դանիա՝ երկրպագելու իրենց թիմին ոչ միայն Հայաստանից, այլև Շվեդիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից և որոշ այլ երկրներից:
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը լայնածավալ կազմակերպչական աշխատանքներ էր կատարել՝ հայկական թիմի երկրպագուների մեծ աջակցությունն ապահովելու նպատակով: Բոլոր ֆուտբոլասերները հրավիրված էին դեսպանատուն, որտեղից ժամը 16.00-ին ոտքով ուղևորվեցին դեպի Պարկեն մարզադաշտ: Մարտական ոգին պահպանվեց ողջ ճանապարհին, ինչպես նաև մարզադաշտում: Մարզադաշտում խաղի ընթացքին հետևում էր նաև Դանիայի և Նորվեգիայի թագավորություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը:
Խաղը սկսվեց դանիացիների՝ գնդակին տիրելու առավելությամբ: Դանիայի հավաքականը գերազանցում էր նաև անկյունայինների խաղարկման թվով: Սակայն առաջին խաղակեսի ավարտին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել: Առաջին խաղակեսում աչքի ընկավ նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ փրկելով սեփական թիմին վերահաս գոլից, ինչպես նաև առանձին դրվագում գեղեցիկ խաղ ցուցադրելով: Թիմերն ընդմիջման գնացին 0-0 հաշվի ներքո:
Այնուամենայնիվ, երկրորդ կեսը բավական գոլառատ էր: Խաղակեսը սկսվեց Հայաստանի հավաքականի ակնհայտ առավելությամբ: Ընդամենը 4 րոպե անց՝ 49-րդ րոպեին, հաշիվը բացեց Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խփած գոլից հետո Հայաստանի հավաքականը որոշ ժամանակ պահպանեց գնդակին տիրելու առավելությունը: Չնայած դրան՝ դանիացիներին հաջողվեց խաղը թեքել իրենց օգտին, ինչն ավարտվեց 65-րդ րոպեին Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Պիեր-Էմիլ Հոյբյերգի գոլով: Գոլից հետո իրավիճակը խաղադաշտում մի փոքր սրվեց, և կարճ ժամանակ խախտումներն աընդմեջ հաջորդում էին միմյանց: Որոշ ժամանակ անց Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները վերականգնեցին գնդակին տիրելու իրենց առավելությունը, և 80-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահի պաշտպանած դարպասն ուղարկեցին երկրորդ գնդակը: Այս անգամ աչքի ընկավ Թոմաս Կալենբերգըը: Թեպետ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին վերականգնել հաշվի մեջ իրենց առավելությունը, խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Դանիայի:
Թեև մրցաշարի որակավորման փուլի առաջին խաղը Հայաստանի համար ավարտվեց պարտությամբ, սակայն երկրպագուների մարտական ոգին չէր մարում անգամ խաղից հետո: Առջևում հավաքականին սպասվում են այլ հանդիպումներ, ինչպես նաև Դանիայի հավաքականի հետ պատասխան խաղը Հայաստանում՝ սեփական հարկի տակ:
Սոսե Մայիլյան
Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի