Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորները կասկածում են, որ կառավարությունն ինչ-որ բան է թաքցնում

Սեպտեմբեր 08,2014 15:24

ԱԺ-ում այս պահին քննարկվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը»՝ հրատապ՝ 24-ժամյա ռեժիմով: Օրենքով չափաքանակներ են սահմանվել, թե, ասենք, քիմիական արդյունաբերության ոլորտում լվացող, մաքրող նյութերի արտադրության ինչ չափաքանակ է գործում՝ մինչեւ 50 տոննա, տարեկան քանի գեներատոր, էլեկտրաշարժիչ կարելի է արտադրել  եւ այլն: Այդ ամենը համապատասխանեցվել է Օրհուսի կոնվենցիայով նախատեսված պահանջներին:

Ընդդիմադիր պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է կառավարությունն այդ օրինագիծը այդպես հրատապ ռեժիմով  ներկայացրել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանին հարցրեց. «Ինչո՞ւ է դա 24-ժամվա հարց: Արդյո՞ք Օրհուսի կոնվենցիայով է պայմանավորված, եթե չանեք այս փոփոխությունները, Հայաստանը պետք է տուգանք վճարի: Ո՞րն է այս շտապողականության իմաստը»:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը պատասխանեց, որ օրինագծով 2 խնդիր են լուծել. «Մեկը՝ սննդի ոլորտի եւ գյուղատնտեսության ոլորտում որոշ խնդիրներ դուրս էին մնացել, երկրորդը վերաբերում է սահմանային չափաքանակին, երրորդը՝ մենք ստացանք միջազգային փորձագետների կարծիքները»:

Թեւան Պողոսյանն ընկավ կասկածների գիրկը. «Այնուամենայնիվ, ինձ մոտ տպավորություն է, որ շտապողականության խնդիրը այլ տեղ է: Նոր չափաբաժինները արդյո՞ք բյուջեում լրացուցիչ գումարներ հավաքելու հետ է կապված, դրա՞ համար եք 24-ժամյա ռեժիմ սահմանել: Սննդի հետ կապված խնդիրերը, որ մտցրել եք, արդյո՞ք բոլոր հիմնարկները ճիշտ են  աշխատելու վաղվանից: Ո՞րն է իրական պատճառը շտապողականության, ինչո՞ւ եք շտապում»:

Կասկածների մեջ էր նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Անցած նստաշրջանում 60 նախագիծ կառավարությունը ներկայացրել է հրատապ ռեժիմով: Մենք ֆիզիկապես այդ 60 նախագիծը չենք հասցրել կարդալ: Արտահերթ ռեժիմով եք բերում, որ մենք չհասցնենք կարդալ, ախր սա ձեւ չի: Թույլ տվեք կարդանք, որ փաստարկված կարծիք հայտնենք: Սա գործելաոճ չի»:

Արամ Մանուկյանն ասաց, որ ինքն անհանգստացած է օրենքի օրինականության եւ «պինդ» լինելու մասին. «Ձեր այս գործելաոճը, ես հավատում եմ, որ ձեր նպատակն արդար է, բայց այս գործելաոճը կասկած է առաջացնում, որ միտքն ազնիվ չի, ինչ-որ բան թաքցնելու միտում կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930