Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը։ Այն նախատեսված էր 15 ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարների և ակտիվ ուսանողների համար։
Երկամսյա ծրագրի շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ ուսումնասիրել են առաջնորդության առանձնահատկությունները, ծանոթացել թիմային աշխատանքի նրբություններին, ինչպես նաև՝ զարգացրել հանրային ելույթներ ունենալու ունակությունները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» խորագրով դասընթացը ներկայացրել է այն գործիքները, որոնք ավելի արդյունավետ են դարձնում աշխատանքը տարբեր ոլորտներում։ Նա հույս հայտնեց, որ ուսանողները կկարողանան դրանք արդյունավետությամբ օգտագործել։ Կրթությունը, ըստ պարոն Ավագյանի, անընդհատ պրոցես է, և պետք է մշտապես կատարելագործել գիտելիքներն ու հմտությունները, մանավանդ որ դրա հնարավորություններն այսօր բավականին մեծ են։
Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը հավաստագրերի հանձնման արարողությանն ընդգծեց, որ այդ փաստաթուղթը ոչինչ է, եթե ստացված գիտելիքը չի կիրառվելու։ Նա հույս հայտնեց, որ փոխանցված գիտելիքները կխրախուսեն ու ցույց կտան զարգացման ուղին։ Արտակ Շաքարյանը նշեց, որ գիտելիքն է այն բանալին, որ բացելու է ապագայի դռները։
Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանող Տաթև Հարությունյանը, խոսելով դասընթացում ձեռք բերած գիտելիքների մասին, նշեց, որ դրանք այսուհետև իրեն կօգնեն ավելի լավ աշխատել թիմում, ճիշտ համագործակցել գործընկերների հետ, դնել նպատակներ ու հասնել դրանց լուծմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն