Այսօր ԱԺ-ում «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը առաջարկեց մշակույթի նախարարությանը, որ պատմամշակութային հուշարձանների ցանկից հուշարձան հանելը ԱԺ-ին թողնեն, ոչ թե կառավարության որոշմամբ անեն:
Նրա խոսքերով՝ «Մենք օրենքի նախագիծ ենք մշակում այդ մասին, բայց այս գլխից ուզում ենք ձեր կարծիքն իմանալ՝ ինչպե՞ս եք նայում, որ հուշարձանների ցանկը բերվի եւ ԱԺ-ի լիազորություններով իրականացվի: Մենք հաստատենք: Ներող կլինեք, էլի, բայց ձեր անկարողությունը մշակութային արժեքների պահպանման հետ կապված` փաստ է, ես այդքան չեմ մեղադրում ձեզ: Եթե վարչապետով, պրեզիդենտով, կառավարությունով որոշում են որեւէ հուշարձան քանդել, այնտեղ հյուրանոց սարքել, դուք չեք կարող որեւէ բան անել: Դա տվեք մեզ, մենք տանք»:
Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը չհամաձայնեց, որ իրենք անկարող են. «Միգուցե խորհրդային ժամանակվա մասին եք խոսում»:
Արամ Մանուկյանը խոստացավ առաջիկայում մշակույթի նախարարությանը ներկայացնել այն հուշարձանների ցանկը, որոնք դուրս են եկել ցուցակից՝ կառավարության որոշմամբ:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը հիշեց մի օրինակ, թե ինչպես են անշարժ պատմամշակութային հուշարձանը տեղաշարժել. «Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մի պատմամշակութային հուշարձան կար, շատ հետաքրքիր հուշարձան էր, Հայաստանի անշարժ հուշարձանների մաս դարձավ: Մի քանի տարի առաջ Լոռվա մարզպետը որոշում է, որ լավ չի այդ տեղը հուշարձանի, բանուկ ճանապարհի վրա չի: Չնայած հուշարձանն իր պատմական տեղում էր, երբ տեղափոխում եք դուք հուշարձանը, այն կորցնում է իր պատմական արժեքը: Տվյալ դեպքում այդ հուշարձանը պատմամշակութային հուշարձան էր: Եվ Լոռու նախկին մարզպետը այդ հուշարձանը տեղափոխում է մի քանի հարյուր մետր ներքեւ՝ ճանապարհի վրա: Սա մշակութային վայրագության օրինակ է, երբ երկրի իշխանավորի խելքը չի հասնում, որ այդպիսի պարզագույն կանոններ կան, որ մշակութային արժեքը տեղափոխելն արդեն խաթարում է այդ արժեքի էությունը: Այդ կերպ տեղափոխեցին, ոչնչացվեցին Երեւանում բազմաթիվ շենքեր, կառավարության որոշմամբ հանվեցին պատմամշակութային հուշարձանների ցուցակից, հանեցին, հետո քարերը կորան: Հիմա հստակ թվեր կան, թե փոքր Կենտրոնի քարերը որքան են կորել, որքանն են վերականգնել:»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ այդ չհասկանալու արդյունքում մշակութային արժեքները հանձնվում են ոչ մշակութային կենտրոններին. «Օրինակ, Սարդարապատի թանգարանը մշակույթի նախարարությունից տրվեց ՊՆ-ին, հիմա Մարզահամերգային համալիրը տվեցին ՊՆ-ին: Ախր այդպես չի: ՊՆ է՞ Հայաստանում մշակութային քաղաքականություն իրականացնո՞ղը: Չի կարող: Դա իր ֆունկցիան չի: Ախր պիտի սիրտդ ցավա, որ դու այդ բանը հասկանաս: Կանգնում եք Հանրապետության հրապարակի կենտրոնում ու պետք է նայենք բոլոր տեսարանները, համալիրը թամանյանական: Հիմա այդ համալիրը չկա, բոլոր կողմերից բարձրացել են բարձրահարկեր եւ մշակույթի նախարարությունը ի վիճակի չէ դրա դեմն առնելու: Հանրապետության հրապարակը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի: Համալիրը վիզուալ կործանված է: Գործադիրը խեղճ է: Եթե ղեկավարը չի հասկանում, նրան պարտադրում են: Դրա համար եկեք այդ հուշարձանների հաստատման գործընթացը վերադարձնենք ԱԺ-ին, որ որեւէ պաշտոնյայի, որեւէ վարչապետի եթե անցնի փոփոխություն անել, թող գա այստեղ հիմնավորի»:
Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ Եվրոպայում փողոցում գտնվող շենքի պատուհանը չես կարող փոխել, բռնակներն անգամ չես կարող փոխել, որովհետեւ դա մշակութային մաս է: Եվ դա օրենքով է պաշտպանվում, ոչ թե նախարարի կամ վարչապետի քմահաճույքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պատգամավորի անհանգստությունը տեղին է և ես կասեի՝ նույնիսկ ուշացած: Սակայն, խորին հարգանք ունենալով իմ վաղեմի ըկերոջ նկատմամբ, չեմ կարող չնկատել, որ նրա բերած օրինակը (,,Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մի պատմամշակութային հուշարձան կար, շատ հետաքրքիր հուշարձան էր, Հայաստանի անշարժ հուշարձանների մաս դարձավ: Մի քանի տարի առաջ Լոռվա մարզպետը որոշում է, որ լավ չի այդ տեղը հուշարձանի, բանուկ ճանապարհի վրա չի: Չնայած հուշարձանն իր պատմական տեղում էր, երբ տեղափոխում եք դուք հուշարձանը, այն կորցնում է իր պատմական արժեքը: Տվյալ դեպքում այդ հուշարձանը պատմամշակութային հուշարձան էր: Եվ Լոռու նախկին մարզպետը այդ հուշարձանը տեղափոխում է մի քանի հարյուր մետր ներքև՝ ճանապարհի վրա,, ) միտքը վատ տեղեկացվածության արդյունք է:
Այդ աղբյուր-հուշարձանը կառուցվել է 1930-ականներին՝ Կիրովական-Ստեփանավան ճանապարհի Գարգառի ոլորանների ամենաբարձրադիր մասում, որի հարթաքանդակը պատկերում է տեսարան՝ Պուշկինի հանդիպումը Գրիբոյեդովի դիակառքին: Էրզրում գնալու ճանապարհին, Գարգառի մոտակայքում, Պուշկինը, ինչպես ինքն է գրում, հանդիպել է Պարսկաստանից Գրիբոյեդովի դին բերողներին, բայց ճանապարհի կոնկրետ ո՞ր հատվածում կամ վայրում, հայտնի չէ: Անցած դարի 30-ականներին որոշվում է աղբյուր-հուշարձանը տեղակայել Պուշկինյան լեռնանցքի այդ վայրում՝ ի հիշատակ և ի նշանավորումն… Թունելի շահագործումից հետո, շուրջ 4 տասնամյակ, այդ ոլորապտույտ ճանապարհը գործուն չէ և հուշաղբյուրը մոռացության էր մատնվում: Առաջինն այդ մասին ահազանգեցին Հայաստանում ՌԴ-ի դեսպանատնից, հայտնելով մարզի ռուսական համայնքի ,,Օբշչեստվո Ռոսիի,, հկ-ի խնդրանք-առաջարկը՝ հուշարձանը տեղափոխել ճանապարհի բանուկ մաս: Դա, իրապես, խելամիտ առաջարկ էր, մանավանդ, կրկնեմ, հայտնի չէ, թե Պուշկինը կոնկրետ որտեղ է հանդիպել դիակառքին, այսինքն՝ հուշարձանի տեղը պատմական չէր, միայն թե լիներ Գարգառ տանող ճանապարհի վրա: Համապատասխան վերադաս մարմինների համաձայնությամբ աղբյուր-հուշարձանը տեղափոխվեց այժմյան տեղում և, այդուհետ, ամեն տարի, ավանդաբար, մարզի ռուսական համայնքի, ՌԴ դեսպանության, մարզպետարանի ներկայացուցիչների, մշակույթի, արվեստի գործիչների, կատարողական համույթների մասնակցությամբ հանդիսություններ են կազմակերպվում այդտեղ՝ նվիրված ՌԴ օրվան, ռուս մեծ բանաստեղծ Ա. Պուշկինին և այլն: Սա է եղելությունը: