«Ամեն ինչ փոխվում է, բայց ամեն ինչ շարունակվում է նույն կերպ»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացում հայտարարեց ԱՄՆ փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքերով՝ շատ բաներ են փոխվել այս տարիների ընթացքում, ու թեեւ բազաթիվ բանակցություններ են եղել, կոնֆլիկտն, այնուամենայնիվ, լուծում չի ստացել: Թոմաս դե Վաալի կարծիքով՝ այս շրջանում Ադրբեջանի համար ռազմավարական առումով կարեւոր է չլինել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի ազդեցության տակ, իսկ Հայաստանի համար կարեւոր է սահմանների բացումը, որպեսզի երկիրը զարգանա եւ ավելի ժամանակակից հանրապետություն դառնա. «Այս առաջադրանքները կատարելու համար պետք է կոնֆլիկտի վերաբերյալ պայմանավորվել թշնամու հետ, որպեսզի երկկողմանի շահավետ լինի: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ դա իրական չէ ներկայիս իրավիճակում»:
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաեւը տեսազանգի միջոցով Թբիլիսիի գրասենյակից միացավ ասուլիսին: Նա նշեց, որ Ադրբեջանում տեղի ունեցած իրավիճակն ունի իր բացատրությունը՝ չնայած նրան, որ Հայաստանը համարում է, որ պատերազմը վերջացել է, սակայն ադրբեջանական հասարակության մեջ կա կարծիք, որ պատերազմը դեռ շարունակվում է եւ կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հետ բերի իր տարածքները, եւ փախստականները վերադառնան իրենց տարածքները: Նա հավելեց, որ այս պահին Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող շատ ադրբեջանական կազմակերպությունների հաշիվները սառեցվել են, սակայն Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները շարունակում են ֆինանսավորումը. «Այս պահին իրավիճակը ավելի է սուր դառնում, քանի որ կոնֆլիկտը դեռ լուծված չէ, այդ խնդիրը Սարգսյանի եւ Ալիեւի խնդիրն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև