Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերին ծիրան ու դեղձ աճեցնել սովորեցնելու եկած Զիմբաբվեի 2 մասնագետի ետ են ուղարկել 244 հազար դոլարով

Սեպտեմբեր 08,2014 17:00

«Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես ու ինչու հայերին ծիրանի եւ դեղձի արտադրության մեխանիզմներ սովորեցնելու համար Զիմբաբվեից մասնագետ հրավիրեցին Հայաստան:

«Գրանտային միջոցների հաշվին իրականացվող ծրագիր էր ու ֆինանսավորողի պահանջով: Կես միլիոն դոլարի դրամաշնորհ էր հատկացրել, ու իր պահանջն էր` մասնագետին աշխատավարձ տալ դրամաշնորհից եւ պայմանագիր կնքել մրցութային կարգով: Մասնագետը պետք է գար ոչ թե մեզ ծիրան ու դեղձ աճեցնել սովորեցներ, այլ մարքեթինգ բիզնես-պլանի կազմում: Կազմակերպվել է միջազգային մրցույթ, մրցույթում հաղթել է Ավստրալիայի մի ընկերություն, որը մասնաճյուղ ունի նաեւ Զիմբաբվեում: Այդ ընկերությունն էլ բրիտանացի մասնագետ է ուղարկել մեզ մոտ` որպես խորհրդատու»,- «Առավոտ» օրաթերթին ասաց պարոն Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ Զիմբաբվեից մասնագետ բերելը իրենց ցանկությունը չէր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրապարակեց «Հայկական միրգ» ընկերությունում կատարած իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների՝ ծիրանի եւ դեղձի այգիներ հիմնելու համար այս ընկերությունը կնքել է պայմանագիր Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ, եւ 462 հազար ԱՄՆ դոլար են տվել, որպեսզի այդ ընկերությունը հայերին սովորեցնի դեղձ ու ծիրան աճեցնել: Ստուգման պահին արդեն 292 հազար դոլար ընկերությունը վճարած է եղել: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ամբողջ ծրագիրը 13 մլն դոլար արժե:

Ըստ ընկերության տնօրենի՝ դրամաշնորհը իրենց տրամադրել էր գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը: Պարոն Հովհաննիսյանի պատմելով՝ հետագայում ինքը հիմնադրամի պատվիրակությանը բողոքել է Զիմբաբվեից եկած մասնագետի աշխատանքից. «Ներկայացրել եմ, որ արդյունավետ չէ այդ մասնագետի աշխատանքը ու համարժեք չէ մեր տված աշխատավարձին, ասել եմ` նրա ներկայությունը պետք չէ: Երբ ստացանք հիմնադրամի համաձայնությունը, այդ մասնագետին հետ ուղարկեցինք, ընկերության հետ էլ դադարեցրինք պայմանագրերը»:

Հետո Զիմբաբվեում գտնվող ընկերությունը մարքեթինգի մասնագետի փոխարեն գյուղատնտեսի է ուղարկել Հայաստան, բայց այս մեկի աշխատանքն էլ պարոն Հովհաննիսյանի սրտով չի եղել. «Նա էլ մի ամսով խորհրդատվություն արեց, տեսա, որ շատ թույլ մասնագետ է, որովհետեւ Ավստրալիայի բնակլիմայական պայմանները մերի հետ չեն համապատասխանում, ինքն էլ ավելի շատ դրանում էր մասնագիտացած: Դադարեցրել ենք պայմանագիրը, հետ ենք ուղարկել մասնագետին: Կրկնում եմ` մեր ցանկությունը չէր, դրամաշնորհ տրամադրած կազմակերպությունն է պարտադրել իր պայմանները»:
«Հայկական միրգ» ընկերության տնօրենի խոսքով՝ Զիմբաբվեից եկած ու հետ ուղարկված երկու մասնագետներին մի քանի ամսվա աշխատանքի դիմաց տրամադրել են 244.000 դոլար:

ՎՊ-ն արձանագրել էր այս ընկերության անվան հետ կապվող մեկ այլ չարաշահում եւս. ըստ այդմ՝ ընկերությունը 700 հա ծիրանի այգու փոխարեն 4 հա նեկտարենու պայմանագիր է կնքել Տավուշի մարզում: Այնուհետեւ Իտալիայից ձեռք են բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացուներ՝ 16,5 մլն դրամով: Այնուհետեւ վարձել են իտալացի փորձագետ, որը պիտի կատարեր այդ պատվաստումը: Վերահսկողությամբ պարզել են, որ այդ 10 հազար պատվաստացուն 100 տոկոսով փչացել է:

Այս կապակցությամբ ընկերության տնօրենն ասաց. «Այդ նախնական ծրագրում 700 հեկտար էին նշել, բայց վերահաշվարկ անելու ժամանակ տեսել են, որ այդ գումարով 700 հեկտար այգիներ հնարավոր չէ հիմնել: Այս ամենը մինչեւ «Հայկական միրգ» ընկերության գրանցումը, ստեղծումն է եղել, այնուհետեւ վերահաշվարկից հետո թիվը պակասեցրել են, դարձրել 306 հեկտար ու այդքանով հանձնել արդեն ստեղծված, գրանցված «Հայկական միրգ» ընկերությանը: Այդ 700 հեկտարը մոռացեք, դա մեր ընկերության հետ կապ չունի»:
Նա ՎՊ-ի հրապարակումից միայն համաձայնեց, որ ձեռք բերված ընկուզենու 10 հազար պատվաստացուն 100 տոկոսով փչացած է եղել. «Միանշանակ համամիտ եմ, այդ հարցը էսօրվա թեմա չէ, դատախազությունով անցել է, այս պահին քննչական գլխավոր վարչությունում է, նյութեր են նախապատրաստվում»:

Վերջում էլ ասաց, որ հիմա գործուղման է Հռոմում, կվերադառնա ու ավելի մանրամասնորեն կպարզաբանի ՎՊ-ի կողմից բացահայտված չարաշահումների վերաբերյալ իրենց տեսակետը:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930