Վստահ է ՀՀԿ-ական պատգամավորը
«Հայ-թուրքական հաշտեցման որեւէ գործընթաց չի ընթանում`ոչ հրապարակային, ոչ էլ ոչ հրապարակային»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին պաշտոնապես Երեւան հրավիրելով՝ արդյոք պաշտոնական Երեւանը չի՞ փորձում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը շարունակել կամ նոր գործընթաց նախաձեռնել: «Ես ողջունում եմ հանրապետության նախագահի կողմից նման հրավերքի փոխանցումը Թուրքիայի նորընտիր նախագահին: Վերանանք այն ասոցիացիաներից, որն առաջացնում է նա՝ որպես անձնավորություն»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին` իբրեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ ինքը ԱԳՆ-ից փորձե՞լ է մանրամասներ պարզել, թե ինչ քայլեր են նախատեսվում պաշտոնական Անկարայի արձագանքից հետո: «Ցեղասպանության հարյուրամյա տարելիցն այն խորհրդանշական հանգրվանն է, որտեղ Թուրքիան կարող է ինքն իր մեջ ուժ գտնել` առերեսվելու սեփական պատմությանը, քանզի Հայոց ցեղասպանությունը նաեւ Թուրքիայի պատմության մի սեւ էջն է: Այդ համատեքստում ես առավել քան վստահ եմ, որ նման հրավերք հղելիս ՀՀ-ն` ԱԳՆ-ն, հաշվի է առել նաեւ զարգացման բոլոր սցենարները` Թուրքիայի առաջնորդի մասնակցության-չմասնակցության, դրա շահարկման եւ այլնի առումով»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Պաշտոնական Երեւանի` Էրդողանին փոխանցված պաշտոնական հրավերքին հետեւեց Բաքվում Թուրքիայի նախագահի հայտարարությունը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի ամենակարեւոր հարցը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի, եթե չկարգավորվի հայ-ադրբեջանական հակամարտությունը: Հակառակ դեպքում՝ hայ-թուրքական հարաբերությունները կմնան նույնը»: Առհասարակ՝ Թուրքիայի ներկայիս նախագահն էլ, վարչապետն էլ, արտաքին գործերի նախարարն էլ միջազգային ատյաններում մշտապես աչքի են ընկել իրենց հայատյաց հայտարարություններով: Սամվել Ֆարմանյանը գտնում է. «Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ լավագույնս արտահայտվում է ոչ թե այդ երկրի ղեկավարների հայտարարություններում, այլ նրանց գործողություններում: Դա միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի ապօրինի շրջափակումն է, որը, խոշոր հաշվով, կիսապատերազմական ակտ է Հայաստանի նկատմամբ: Այնպես որ՝ Էրդողանի, Դավութօղլուի, թե Չավուշօղլուի կողմից հնչող հայտարարությունները եւ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը նորություն չեն Հայաստանի համար»: Այնուհանդերձ՝ ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ հաշվի առնելով այս իրականությունը՝ ՀՀ-ն չպետք է ելակետ ընդունի այդ հանգամանքը, այլ փորձի ինքնուրույն, իր բաժին մասնակցությամբ եւ միջազգային հանրության գործընկերների հետ համագործակցությամբ ճանապարհ գտնել եւ հասնել մեզ հուզող խնդիրների լուծմանը, որոնցից առաջինը Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումն է: «Մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ գործ ունենք շատ ոչ հեշտ հարեւանի եւ պատմական շատ մեծ կնճռի հետ, որի միակ հանգուցալուծումը, իմ պատկերացմամբ, Թուրքիայի հասարակության ճնշմամբ, զուգահեռ նաեւ միջազգային հանրության իրազեկության բարձրացմամբ կամ քաղաքական դիրքորոշումների հետեւանքով որոշակի ճանաչմամբ պայմանավորված՝ Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսումն է, որը կարող է ճանապարհ բացել երկու ժողովուրդների միջեւ ապագայում ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերությունների համար: Ամբողջ հարցը հիմա այն է, թե Թուրքիայի ղեկավարությունը կգտնի՞ իր մեջ այդքան ուժ: Օգնենք թուրք հասարակությանը, Թուրքիային` առերեսվել սեփական պատմության ողբերգական էջի հետ եւ ճանաչել Ցեղասպանությունը»,- ասում է նա: Սամվել Ֆարմանյանը շատ է կարեւորում այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են այս առիթով հենց թուրք հասարակության իրազեկման բարձրացմանը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2014