Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանում Ղարաբաղի «կշիռը» մեծացել է». ադրբեջանագետ

Սեպտեմբեր 08,2014 14:19

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը համաձայն չէ հաճախակի հնչող այն տեսակետին, թե Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի՝ եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումներն արդյունք չտվեցին. «Վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ բանակցությունները շատ են ակտիվացել, և Ղարաբաղի «կշիռը» մեծացել է. գերտերությունները փորձում են իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնել ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Ասատրյանը՝ նկատելով, որ տարածաշրջանի և Ղարաբաղի կարևորությունը գնալով մեծանում է նաև այն պատճառով, որ Կովկասը դիտարկվում է որպես ռեսուրսների տարանցիկ ճանապարհ. «Գերտերությունների համար կարևոր է, թե այս խնդիրն ինչպես կլուծվի, քանի որ տարածաշրջանում կոնֆլիկտի առկայությունը ոչ ոքի ձեռնտու չէ»,- ընդգծեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի կողմից Արցախի անկախության ճանաչմանը՝ ադրբեջանագետը նշեց, որ, բնականաբար, բոլորիս համար էլ ուրախալի փաստ է այդպիսի մեծ նահանգի կողմից Արցախի անկախության ընդունումը. «Բայց պետք չէ դրանից էյֆորիայի մեջ ընկնել,- ասում է Ս. Ասատրյանը,- քանի որ Կալիֆորնիան առանձին միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում: Ճիշտ է, կարելի է տնտեսական ուղղությամբ օգտագործել, այդ թելից բռնել, սակայն ես կարծում եմ, որ դա մեզ համար մեծ հաջողություն է առաջին հերթին բարոյապես»:

Բանախոսն անդրադարձավ նաև ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի պահվածքին, երբ նա չնկատեց կամ իբր թե չնկատեց Ի. Ալիևին: Ս. Ասատրյանը հակված է կարծելու, որ դա զուտ պատահականություն էր, որովհետև, նրա խոսքով, Ալիևն այնքան թույլ գործիչ չէ, որին կարելի է նման վերաբերմունք ցույց տալ. «Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այդ մասին չեն խոսում: Ես պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե նման իրավիճակում հայտնվեր Ս. Սարգսյանը»,- հավելեց բանախոսը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի՝ վերջին շրջանի վստահ կեցվածքին հատկապես միջազգային հարթակներում, ադրբեջանագետը դա վերագրում է մեր բանակի փայլուն գործողություններին. «Մեր նախագահին մեծապես ոգևորել են մեր բանակի՝ օգոստոսի սկզբի պատժիչ գործողությունները: Նա իր ձեռքում արդեն լուրջ խաղաթուղթ ունի և կարող է ցույց տալ, թե տեսեք՝ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք լուրջ հակահարված տալ»,- մեկնաբանում է Ս. Ասատրյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930