Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայերը՝ վերացող ազգերի թվո՞ւմ

Սեպտեմբեր 08,2014 16:00

Ահազանգում են մասնագետները

Նախորդ օրը կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ամուսնալուծությունների պատճառներն ուսումնասիրելու ու իրեն զեկուցելու հանձնարարականը բավական ակտիվ քննարկման ենթարկվեց սոցիալական ցանցերում:

Շատերը, այդ թվում՝ քաղաքական ու հասարակական տարբեր գործիչներ բավական հումորով արձագանքեցին վարչապետի հանձնարարականին՝ ամուսնալուծությունների կանխման վերաբերյալ կեսկատակ-կեսլուրջ իրենց առաջարկները ներկայացնելով: Օրինակ՝ քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում կատակով գրեց. «Այս վշտին ես չեմ դիմանա… Վերլուծություն արեք, որ մի հատ պարզեք, թե ինչո՞ւ են ավելացել ամուսնալուծությունները, ամեն ինչ պետք է անենք, որ նվազեն: Ասեմ, Արգամիչ ջան, առանց վերլուծելու ու ուսումնասիրելու: Բոլոր միլիոնատեր-միլիարդատերերդ ձեր (ձեր հարուստ կանանց ու զոքանչներին էլ հետը) կուտակած անտակ հարստությունը արդարաբար բաժանում եք շուրջ 3 միլիոն մարդու մեջ՝ Հայաստանում մնացած կամ խոպան գնացած, եւ այլեւս սոցիալ-տնտեսական հողի վրա ընտանիքներ չեն քանդվի»:
Մյուսները առաջարկեցին աշխատանքով ու բարձր աշխատավարձով ապահովել, որպեսզի մարդիկ խոպան չգնան ու տները չքանդվեն:

Այս թեմայի շուրջ «Առավոտ»-ը զրուցեց հոգեբան Աշոտ Հակոբյանի հետ, որը, սակայն, կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետը նման հանձնարարականով լուրջ վերաբերմունք է դրսեւորել:

«Ես վարչապետին չէի ծաղրի, սա շատ լուրջ խնդիր է մեզ համար. մենք ժողովրդագրական խնդիր ունենք, ազգովի ճգնաժամի մեջ ենք, վերացող ազգերի շարքում ենք, որի գործոնները ոչ միայն բնական են, այլեւ արհեստական: Արտագաղթը իրենով լուրջ խնդիր է մեր պետության համար, այնպես որ՝ եթե վարչապետը վերաբերմունք է դրսեւորել, ընտանիքի պաշտպանվածության հարցն է բարձրացնում, ես միայն կգնահատեի նրան: Ես, որպես հոգեբան, փաստում եմ, որ ամուսնալուծությունների պատճառը միայն սոցիալական չէ, մինչ սրան հասնելը՝ տարբեր այլ գործոններ կան»: Ըստ նրա՝ վարչապետը ի պաշտոնե պարտավոր է իմանալ իրական պատճառները: «Բա չիմանա՞, թե իրո՞ք այդքան մեծ թիվ են կազմում ամուսնալուծությունները, թե՞ ոչ… Նորից եմ կրկնում՝ հազար տեսակի հանգամանքներ կան. եկեք չմոռանանք, որ ձեւական ամուսնալուծություններն էլ քիչ չեն: Մեկը ձեւականորեն բաժանվում է, որպեսզի միայնակ մայր գրանցվի ու օգտվի տարբեր տեսակի արտոնություններից, մյուսը բաժանվում է տան առուվաճառքը հօգուտ իրեն անելու, կան ընտանիքներ, որոնք ընդհանրապես չեն գրանցում իրենց ամուսնությունները: Արդյունքում աղետալի թիվ է ստացվում: Վարչապետը որտեղի՞ց պիտի իմանա այս ամենը, եթե ուսումնասիրություն չսկսեն՝ իրական պատկերը պարզաբանելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամուսնալուծությունների պատճառները բազմազան են, սակայն, նրա դիտարկմամբ, առաջնահերթը հոգեւոր պատճառն է, եվրոպական արժեքների, ազատ քաղաքացիական հասարակության ներթափանցումը: Նա նշեց, որ ամուսնալուծությունների մակարդակը հատկապես բարձր է տնտեսապես զարգացած, սակայն գենդերային հավասարություն քարոզող երկրներում: Այս առումով առաջին տեղերից մեկում ԱՄՆ-ն է: Ըստ մեր զրուցակցի՝ երկրորդ պատճառը տնտեսականն է, ծանր պայմանները բացասաբար են անդրադառնում հատկապես նորաստեղծ ընտանիքների վրա, որոնք չեն կարողանում իրենց կենսակերպը ապահովել ու քայքայվում են: Երրորդ պատճառը սեզոնային արտագաղթն է, որը շատ դեպքերում չարիքի է վերածվում: «Պայմանականորեն եմ ասում՝ սեզոնային, քանի որ տարիներ անց ընտանիքի ծնողը, տղամարդը դրսում աշխատում է, մի ընտանիք էլ էնտեղ է կազմում, կինը իմանում է, բնականաբար, արդեն բաժանվում է:

Ամուսնալուծությունների մակարդակը շատ բարձր է քաղաքային բնակավայրերում, հատկապես Երեւանում»,- ասում է Արտաշես Բոյաջյանը: Նա նաեւ հիշեցնում է, որ Խորհրդային Միության հանրապետությունների շարքում Հայաստանը ամուսնալուծությունների մակարդակով ամենացածրն էր: Իսկ հայերի՝ բնաջնջվող ազգերի թվում դասվելու հետ ազգագրագետը համամիտ է: Ըստ նրա՝ այդ մասին են փաստում ժողովրդագրական ներկայիս տեմպերը. Հայաստանում պարզ վերարտադրություն է, ծնվածների եւ մահացածների թիվը գրեթե հավասար է: Թեեւ ազգագրագետը չի բացառում, որ մոտ ապագայում հնարավոր է՝ մահացածներն ավելի շատ լինեն, քան ծնվածները:
«Հայերը միայն Հայաստանում չեն ապրում, հայրենիքում ապրում է ամբողջ հայության 20, առավելագույնը 25 տոկոսը, 75 տոկոսը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս: Ելնելով իմ փորձից, հատկապես Կրասնոդարի երկրամասում ես որոշակի հետազոտություններ եմ կատարել, նաեւ Աբխազիայի հայության մոտ, ընդհակառակը՝ այնտեղ ծնելիության մակարդակը ավելի բարձր է: Ծնելիության մակարդակը բարձր է նաեւ ՀՀ որոշ գյուղական բնակավայրերում, իսկ կան գյուղական բնակավայրեր, որտեղ մահացածները գերազանցում են ծնվածների թվին: Ժողովրդագրական առումով, այո, հայերը այժմ դասվում են մահացող ազգերի թվին, ինչպես էստոնացիները, լատիշների, լիտվացիները, եվրոպական փոքր ազգությունները»,- ասում է մասնագետը: Ըստ նրա՝ վարչապետը շատ լավ էլ գիտի ամուսնալուծությունների պատճառները, տիրապետում է իրական պատկերին: Ազգագրագետը Հովիկ Աբրահամյանին առաջարկում է այս հարցին շատ լուրջ վերաբերվել, քանի որ եթե 150 միլիոն (որից 145 միլիոնը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում) բնակիչ ունեցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջին խնդիրը համարում է իր երկրի ժողովրդագրական վիճակի բարելավումը, ապա մենք մտածելու շատ բան ունենք:

«Հարեւան հանրապետությունը՝ Ադրբեջանը, ունի 9 միլիոնից ավելի բնակչություն, որի ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներն են, եւ այժմ Հարավային Կովկասում ադրբեջանցիներն այնքան են, որքան մնացած ազգությունները գումարած. բա հաշվի չառնե՞նք այս գործոնները»,- ասում է Արտաշես Բոյաջյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930