Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանքը վճարել է, բայց ԴԱՀԿ-ն մեկ տարի անց քառապատկված տուգանքի թիվ է ներկայացրել

Սեպտեմբեր 08,2014 15:30

Վճարած 5 հազար դրամը, չգիտես ինչպես,
դարձել է չվճարած 25 հազար դրամ

Միջազգային կառույցներն ու ՀՀ պետբյուջեն ամեն տարի միլիոնավոր գումարներ են հատկացնում այս կամ այն պետական համակարգում վարչարարությունը բարեփոխելու, քաղաքացիների գործը հեշտացնելու, նրանց բյուրոկրատական քաշքշուկներից ազատելու նպատակով: Թվում է՝ իր պարտականությունը պետության նկատմամբ բարեխղճորեն կատարած քաղաքացին առավել եւս ոչ մի խնդիր չպետք է ունենա:

Անցյալ տարի հոկտեմբերի 22-ին քաղաքացի Հմայակ Ամիրյանն իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի 77 UV717 համարանիշի ավտոմեքենայով խախտում է թույլ տվել, ինչի հետեւանքով ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Արտակ Կիրակոսյանը նրան տուգանել է 5000 դրամով: Խախտումն արձանագրել է ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման սարքը: Հմայակ Ամիրյանը, տեղեկանալով տուգանված լինելու մասին, մեկ ամսվա ընթացքում հայաստանյան բանկերից մեկով բարեխղճորեն վճարել է 5000 դրամ տուգանքը՝ մտածելով, որ ճանապարհային ոստիկանության հետ այլեւս ոչ մի պարտք ու պահանջ չունի: Սակայն մեկ տարի անց քաղաքացի Ամիրյանն անակնկալի է գալիս, երբ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ) ծանուցագիր է ստանում 25 հազար դրամ տուգանված լինելու վերաբերյալ:

Հարկադիր կատարման ծառայության Երեւան քաղաքի վարչական ակտերի բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Արամ Ավագյանը, հիմք ընդունելով ճանապարհային ոստիկանությունից 14.08.2014 թվականի հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը, որոշում է տուգանել Հմայակ Ամիրյանին: Ընդ որում, հարկադիրի թերթիկում նշված է, որ Հ. Ամիրյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե 5 հազար, այլ 25 հազար դրամով:

ԴԱՀԿ-ն 5000 դրամ էլ քաղաքացուց պահանջել է որպես կատարողական գործողությունների ծախս:

Հմայակ Ամիրյանը ժամեր շարունակ փորձել է զանգել ԴԱՀԿ-ի ուղարկած փաստաթղթի վրա նշված հեռախոսահամարով, որպեսզի հայտնի մուծման կտրոնի առկայության մասին, սակայն որեւէ մեկը հեռախոսին չի պատասխանել: 177 թեժ գծից էլ հայտնել են, որ խնդրի լուծման համար քաղաքացին պետք է ներկայանա ճանապարհային ոստիկանություն:
Բարեբախտաբար, Հ. Ամիրյանը պահպանել է մեկ տարի առաջ մուծած տուգանքի անդորրագիրը, սակայն որքան քաղաքացիներ կլինեն, որ պահպանած չեն լինի: Այսինքն՝ այդ դեպքում ի՞նչ պետք է անի քաղաքացին, կրկին մուծի՞ տուգանքը՝ եռապատկված, քառապատկված: Էլ չենք խոսում քարտային հաշիվների վրա կալանք դնելու մասին: Բացի այդ, Հ. Ամիրյանի մոտ տարրական հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ իր պարտականությունը բարեխղճորեն կատարած քաղաքացին պետք է ժամանակ վատնի եւ փորձի ապացուցել, որ ինքը վճարել է տուգանքը: Հ. Ամիրյանին նաեւ հետաքրքրում է, թե ինչո՞ւ չկա էլեկտրոնային եղանակով աշխատելու պրակտիկա, որպեսզի մարդը ոչ թե հասնի ՃՈ, այլ անդորրագիրն ուղարկի էլփոստով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930