«Դա վնաս է հասցնում բանակցային գործընթացին և տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը»,- այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ավստրիայի Հանրապետության ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի համատեղ ասուլիսին, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ ընդունվեց հռչակագիրը, առավելությունը տրվում է տարածքային ամբողջականությանը, այսպես արձագանքեց Էդվարդ Նալբանդյանը:
Այնուհետև մանրամասնեց. «ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ: Առավել ևս աջակցություն է հայտնել եռանախագահ երկրների մոտեցումներին, որոնք բազմիցս հայտարարել են նաև հինգ հայտնի հայտարարությունների տեսքով՝ նախագահների մակարդակով: Երկու համանախագահները նաև անդամ են ՆԱՏՕ-ի: Չնայած դրան՝ վերջին գագաթնաժողովների ընթացքում այն դրույթը, որ վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, այնտեղ ձևակերպումներ են ներառվել, որոնք ընտրովի մոտեցումներ են արտահայտում, որը չի համապատասխանում եռանախագահների կողմից արտահայտված գաղափարներին և առաջակներին, այն հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են ԵԱՀԿ-ի շրջանակներում վերջին տարիների ընթացքում: Ընտրովի մոտեցումը միջազգային օրենքի սկզբունքներին հակասում է, հակասում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին»:
Երկու ԱԳ նախարարների ասուլիսին հետաքրքրական իրավիճակ ստացվեց: Ասուլիսի ընթացքում Ավստրիայի ԱԳ նախարարը շեշտեց երեք պատճառներ, որն իր այցելության առիթ են դարձել՝ դրանց շարքում նշելով լարված քաղաքական իրավիճակը, տնտեսական կապերի զարգացումը, քանի որ նախարարի հետ ՀՀ են եկել նաև ավստրիացի խոշոր գործարարներ և համագործակցության ընդլայնումը: Սեբաստիան Կուրցը տեղեկացրեց, որ ՀՀ-ում շուտով կբացվի Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակ:
Սակայն ասուլիսի ավարտից հետո բանավեճ առաջացավ. ավստրիացի լրագրողները շտկում մտցրին թարգմանության մեջ՝ նշելով, որ Ավստրիայի ԱԳ նախարարը օգտագործել է «հետաքրքիր իրավիճակ» արտահայտությունը, այլ ոչ թե «լարված քաղաքական իրավիճակը», ինչպես թարգմանվել է: ԱԳ-ից էլ հայտարարեցին, թե կլսեն գերմաներեն ելույթը և կթարգմանեն ևս մեկ անգամ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև