Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արտագաղթի խնդիրը բարձրաձայնվի, լուծումներ անպայման կգտնվեն».քաղաքագետ

Սեպտեմբեր 08,2014 14:00

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հերթական անգամ անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ստորագրված հռչակագրին` ուրույն մեկնաբանություններով: Քաղաքագետը ստորագրված հռչակագրում Արևմուտքին բարձրացնելու միտում է տեսնում, իսկ ՆԱՏՕ-ն բովանդակային առումով համարում է տարածքային ամբողջականություն պաշտպանող մարմին. «Տարօրինակ բան է կատարվում. այսօր ռուսական պետությունը, որը դիտվում է որպես աշխարհակարգը քանդող ուժ, այս կամ այն կերպ ողջունում և պաշտպանում է ինքնորոշման իրավունքը: Բայց տարածքային ամբողջականության կողքին պիտի ասվի նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին, որը չի բարձրաձայնվում, եւ ինքնորոշումը մնում է կցկտուր:Սա բոլորովին առաջընթաց չէ»:

Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանում լուրջ ընդդիմություն չի ձևավորվում, քանի որ ընդդիմադիր և իշխանամետ կողմերը միասին գնում են տոնակատարությունների, մեկնում հանգստի, և նույնիսկ խնամի-բարեկամ կապերի մեջ են գտնվում: Իսկ ընդդիմադիր կողմը ներկայացնող որոշ անձանցից, ըստ Լևոն Շիրինյանի, շատերն արդեն հոգնել են, և նրանք պետք է ապացուցեն, որ որպես ընդդիմություն դեռևս վստահելի են:

Ներքաղաքական խնդիրներից ամենահրատապը, քաղաքագետի կարծիքով, արտագաղթն է. «Եթե վիճակն այսպես շարունակվի, ապա վստահ եղեք, որ Հայաստանը 15-20 տարի հետո կդադարի կենսունակ պետություն լինելուց.այս մասին են փաստում արտասահմանյան կազմակերպությունների կողմից արված հաշվարկները: Պետք է ներգաղթ կազմակերպել. եթե խնդիրը բարձրաձայնվի, ապա լուծումներն անպայման կգտնվեն: Իշխող քաղաքական կուսակցությունն ու ընդդիմությունը պետք է կասեցնեն բոլոր այն գործընթացները, որոնք չեն նպաստում ներգաղթին»:

Իր խոսքն ուղղելով ժողովրդին ու իշխանություններին՝ Լևոն Շիրինյանը արժանապատվության վերադարձ ցանկացավ, որը հայաստանակենտրոն կլինի՝ հեռու ռուսամետ, արևմտամետ ու թուրքամետ գաղափարներից: Ըստ նրա, եթե այս բանաձևը գործի, մենք կգտնենք բոլոր հարցերի լուծումները:

Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930