Գագիկ Շահինյանի գործով դատարանն առաջիկայում խորհրդակցական սենյակ կգնա
Վարույթն իրականացնող մարմինը, ոչ մի ուղղակի ապացույց չունենալով, հիմնվելով միայն տուժողների եւ տուժող կողմի ընկերների ցուցմունքների վրա, Գագիկ Շահինյանին մեղադրանք է առաջադրել: Պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակից-փաստաբան Անժելա Հոբոսյանը:
Մարտի 6–ին Գագիկ Շահինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի խոշոր չափի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով «ինքնությունը չպարզված անձնավորության հետ», 24.08.2014թ. Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում անհիմն վիճաբանել է Վաղինակ Նարիբեկյանի եւ Վահե Աբաջյանի հետ: «Ինքնությունը չպարզված անձնավորությունը» քաշել-պոկել է Վահե Աբաջյանի 300.000 ՀՀ դրամ արժողության պարանոցի ոսկյա շղթան ու դիմել փախուստի, իսկ Գագիկ Շահինյանը քաշել-պոկել է Վ. Նարիբեկյանի 219.000 ՀՀ դրամ արժողության պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով ու ձեռքի ժամացույցը, սակայն տեղում բռնվել է, եւ հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Հանրային պաշտպանի կարծիքով, մեղադրանքն անհիմն է:
«Նախ նշեմ, որ նախաքննությունը կատարվել է օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ: Դեպքի օրվա՝ 24.08.2013թ. դրությամբ հետագայում տուժողներ ճանաչված Վ. Նարիբեկյանը եւ Վ. Աբաջյանը եղել են անչափահասներ, 16 տարեկան երեխաներ, եւ նրանք որպես անչափահաս տուժող հարցաքննվելիս ունեցել են իրավունքներ, սակայն չեն իրացրել իրենց դատավարական իրավունքը, որովհետեւ նախաքննական մարմինը տուժողներին նրանց ամենակարեւոր իրավունքով՝ օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքով, չի օժտել»,- «Առավոտին» ասաց Ա. Հոբոսյանը:
Կարդացեք նաև
Բացի այդ, ըստ հանրային պաշտպանի, «պատահական չէ, որ դատարանում տուժողները նախաքննությանը հակասող ցուցմունք տվեցին, պատճառաբանելով, որ իրենց խոսքը խմբագրել են, իսկ իրենք դա չեն հասկացել, իրենց ոսկյա զարդերը կորել են, եւ այդ մասին նշելիս ուշադրություն չեն դարձրել խոսքի ձեւակերպմանը, իսկ հետագա ցուցմունքներ տալու ժամանակ նրանց ասել են, որ սկզբում ոնց գրել եք այդպես էլ պետք է նշեք»: Պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի անթույլատրելի ճանաչվեին տուժողներ Վ. Նարիբեկյանի եւ Վ. Աբաջյանի նախաքննական ցուցմունքները:
Նախաքննության ժամանակ Գ. Շահինյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, հայտնելով, որ որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ:
Նախաքննության ժամանակ Գ. Շահինյանը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը Երեւանի Վ. Մամիկոնյանի արձանի մոտ զբոսնելիս է եղել իր բանակի ընկեր՝ Վահանի ու նրա ընկերոջ՝ Ալիկի հետ: Ժամը 19-ի սահմաններում Վահանը գնացել է տուն, եւ ինքը շարունակել է զբոսնել Ալիկի հետ: Հյուսիսային պողոտայով քայլելու ժամանակ, իրենց ճանապարհ չզիջելու, արտահայտվելու կոպիտ տոնի ու ձեւի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն տուժողների հետ, հետո քայլելով հասել են Նալբանդյան ու Արամի փողոցների խաչմերուկ, որտեղ կռվի են բռնվել միմյանց հետ, քաշքշել ու հարվածել իրար եւ, լսելով ոստիկանական մեքենայի ձայնը, վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, Գագիկը փախել է մոտ 20-30 մետր, բայց իրեն բռնել է Վահե Աբաջյանը, եւ այդ պահին է միայն իմացել, որ տուժողների ոսկյա զարդերը չկան: Միմյանց հարվածներ հասցնելու ժամանակ, նույնիսկ նրանց պարանոցին շղթա չի նկատել:
Պաշտպանն ասում է, որ Գագիկ Շահինյանի մարմինը զննելու արձանագրության մեջ նշված է, որ նրա աջ ու ձախ ուսերին առկա են կապտուկներ, մեջքին առկա են քերծվածքներ. «Այստեղից հետեւում է նաեւ, որ Գագիկ Շահինյանի կողմից տուժողների նկատմամբ որեւէ բռնություն չի եղել, այլ կողմերը կռվի ընթացքում միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել»:
Պաշտպանն ասում է նաեւ, որ նախաքննության մարմինը Ալիկ անունով անձին, Գագիկ Շահինյանի ընկերոջը՝ Վահանին, հայտնաբերելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել, չի պարզել Ալիկ անունով ընկերոջ անձնական տվյալները, բնակության հասցեն, որից հայտնի կդառնար այն անձը, ով եղել է Գ. Շահինյանի հետ. «Դրա փոխարեն, որոշում է կայացրել քրեական գործից մաս անջատել, իբրեւ Ալիկը չի հայտնաբերվում, բայց միեւնույնն է, ենթադրության վրա, առանց բավարար ու փոխկապակցված որեւէ ապացույցի ինքնությունը չպարզված անձնավորության հետ ուրիշի խոշոր չափի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության հիմքով, նախաքննական մարմինը անհիմն մեղադրանք է առաջադրել Գագիկ Շահինյանին»:
Այս գործով ըստ պաշտպանական կողմի, դատարանում չհաստատվեցին օբյեկտիվ փաստացի տվյալներ, ապացույցներ այն մասին, որ տուժողներ Վաղինակ Նարիբեկյանի պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով ու ձեռքի ժամացույցը եւ Վահե Աբաջյանի պարանոցի ոսկյա շղթան ձեռքով պոկելու եւ այն բացահայտ հափշտակելու գործողությանը մասնակցել են 2 համակատարողներ: Կա ընդամենը տուժողների նախաքննական ցուցմունքները, որից նրանք հրաժարվեցին դատարանում, իսկ մեկ այլ ապացույցով այդ հանգամանքը չի հաստատվել:
Ինչ վերաբերում է վկա եղբայրներ՝ Արենի ու Կարենի նախաքննության ընթացքում տված նույնաբովանդակ ցուցմունքներին, որը հրապարակվեց դատարանում, պաշտպանական կողմի կարծիքով, դրանով իսկ խախտվել է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդ. 3 մասում նշված իր դեմ վկայող անձին հարցաքննելու մեղադրյալի իրավունքը, եւ այդ հիմքով նույնպես այն թույլատրելի ապացույց չի կարող համարվել: «Վկաների ցուցմունքը գրվել է քննիչի կողմից, այդ ցուցմունքը նրանք չեն կարդացել, քանի որ նշում չկա, որ կարդացել են, կամ նրանց համար կարդացվել է, իսկ իրենք էլ չէին կարող կարդալ, քանի որ անգամ ինձ՝ պաշտպանիս համար է դժվար ընթերցելի քննիչի ձեռագիրը, այսինքն վկաները ստորագրել են մի ցուցմունքի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեն եղել: Ուշադրության է արժանի նաեւ այն, որ վկաները ցուցմունք են տվել, որ Հյուսիսային պողոտայով քայլում էինք, մեզ մոտեցած տղաների հետ վեճ եղավ՝ ուսով Վահեին կպնելու շուրջ, քայլելով ու զրուցելով հասանք Նալբանդյան ու Արամի փողոցների խաչմերուկ, նրանք չորսով առանձնացան, հետո նկատեցինք, որ Վաղինակն ու Վահեն վազում էին այդ տղաների հետեւից, եւ Վաղինակն ասում էր, որ ցեպս տարան: Միանգամայն տրամաբանական էր, որ Վաղինակն ասեր, որ ցեպս տարան, որովհետեւ նկատել է, որ չկա շղթան, բայց դա չի նշանակում, որ այն դիտավորյալ պոկել-տարել է Գ. Շահինյանը: Նրանք անձամբ ոչինչ չեն տեսել, այլ հաղորդել են տուժողներից իրենց լսածը»,- ասում է Ա.Հոբոսյանը:
Քրեական գործում նշված է, որ Գ. Շահինյանին բերման են ենթարկել ժամը 21 անց 45-ին, այսինքն, եթե զննումը եղել է ժամը 21-ից մինչեւ 21-անց 25-ը, ապա դեպքի վայրի զննությանը բոլորն էլ պետք է մասնակցած լինեին, եւ քանի որ ոչ ոք չի մասնակցել, նշանակում է դեպքի վայրը զննել են ոչ այն օրը եւ ոչ այն ժամին, որը նշված է: Եվ այս ամբողջը կատարվել է մի նպատակով, որ հետագայում կողոպուտի փորձի անհիմն մեղադրանք ներկայացնեն Գագիկին:
Տուժող Վահե Աբաջյանը դատարանում ցուցմունք է տվել, որ՝ «Քայլեցինք Արամի փողոցով, իրենք սկսեցին բրթբրթել, քաշքշել, Գագիկը Վաղինակի հետ էր կռվում, ես մյուս տղայի, հետո 2-ով փախան, իմ ցեպը չկար, իսկ Վաղինակինը ընկած էր գետնին, նրանց փախնելուց հետո տեսա, որ չկար ցեպս, իսկ Վաղինակինը ընկած էր տեղում, իմ ցեպը չէր երեւում, վիզս փակ էր, իմ կարծիքով տեսանելի չէր, ընկերոջս շղթան ոստիկանները գտան կռվի վայրից, էդ պահին Վաղինակը չասաց, որ ժամացույցը չկա, ես Գագիկից պահանջ չունեմ, որովհետեւ ես Գագիկի հետ չեմ կռվել…նրանք ինձնից 20-30մ հեռու էին, ես վազել, բռնել եմ Գագիկին, ձեռքին բան չկար»:
Վահե Աբաջյանը դատարանի հարցերին պատասխանել է, որ «քննիչին դեպքը պատմել եմ, ոնց որ դատարանում, ես հանկարծակի բառ չեմ ասել, ես գոռացի, բայց չէի սպասում, որ ինձ կխփեն, ես քննիչին ասել եմ, որ դիտավորյալ քաշել, պոկել չի եղել, քննիչն էլ ասաց, որ բացատրության մեջ եթե գրել ես, այստեղ էլ պետք է գրես, քննիչն է ասել հափշտակել բառը, քննիչն է ասել գնահատի ցեպի արժեքը, խառը վիճակ էր, կարող է վեճից հետո ցեպս ընկած լիներ, ես չտեսնեի: Իմ շղթան կռվի ընթացքում կորել է, բայց քաշել են, պոկվել է, թե՞ կորել է՝ չգիտեմ, ցեպս չկա, իսկ մայկես էլ ճղվել է, գցել եմ, երեւի մինչեւ կռիվը ցեպս վզիս է եղել»:
Տուժող Վաղինակ Նարիբեկյանը հաղորդում է տվել նախաքննական մարմնին, որ Արամի եւ Նալբանդյան խաչմերուկում իր եւ 3 ընկերների հետ զբոսնելու ժամանակ իրենց են մոտեցել 3 երիտասարդներ եւ եւս մի քանի հոգի ու սկսել են իրենց հարվածել՝ պարանոցից պոկելով ոսկյա շղթան եւ ձեռքի ժամացույցը: Տուժող Վաղինակ Նարիբեկյանը դատարանում դատարանի հարցին պատասխանեց, որ իրենց են մոտեցել 2 հոգի, բայց մնացած հանգամանքները չի հիշում, ինչու՞ է այդպես նշել:
Հանրային պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2014