«Իմ կարծիքով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դրական արդյունք չտվեց. տարածաշրջանային առումով այն հիմնականում վերաբերում էր Ուկրաինային, Հյուսիսային Իրաքում ընթացող գործընթացներին, և, ցավոք, Լեռնային Ղարաբաղի բանաձևը էական փոփոխություն չունեցավ: ՆԱՏՕ-ի խնդիրը այդ պրոբլեմներին անդրադառնալն էր այնքանով, որքանով դրանք կապ ունեն Ռուսաստանի հետ: Փաստացի կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դուրս մնաց գագաթնաժողովից, և ընդունվեց մեզ համար ոչ բարենպաստ բանաձև, որտեղ խոսվում էր հարավային երկրների տարածքային ամբողջականության անհրաժեշտության մասին, սակայն ոչ մի խոսք չկար ազգերի ինքնորոշման կարևորության մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, վերջին իրադարձությունների անդրադառնալով, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Անդրադառնալով ներքաղաքական դաշտին՝ մասնավորապես ԱԺ-ում մեկնարկած աշնանային նստաշրջանին, քաղաքագետը նշեց, որ նոր մարտահրավերներ կան. դրանցից մեկը իշխանությունների կողմից պատրաստվող սահմանադրական փոփոխություններն են, որոնք որոշ ժամանակ անց կարող են դառնալ գլխավոր թեմա: Այս պահին օրակարգում նաև դրված է Քառյակի տասներկու կետերի խնդիրը, որի քննարկումը, ըստ Երվանդ Բոզոյանի, արդյունք կտա ու դրանից հետո արդեն կարելի է խոսել սպասվելիք նոր գործընթացների մասին:
«Քաղաքական ճամբարների տարբերությունն ինձ համար տեսանելի է, բայց վերջնական ճշգրտում չկա: Երբ գործընթացը սկսվի, այդ ժամանակ արդեն պարզ կդառնա՝ ճամբարների մեջ ով որտեղ է գտնվում: Խոսքը ոչ միայն խորհրդարանական կուսակցությունների, այլ նաև արտախորհրդարանական ուժերի մասին է»,-իր խոսքը եզրափակեց քաղաքագետը:
Սյունե Սևադա
Կարդացեք նաև