Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը Հայաստանի Հանրապետություն կատարած իր պետական այցի շրջանակներում սեպտեմբերի 8-ին այցելեց Երևանի Վ. Բրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարան:
ԵՊԼՀ ռեկտոր Գայանը Գասպարյանն իր շնորհակալական խոսքում ասաց. «Այսօր համալսարանի համար կարևոր օր է, մեր համալսարանի գերմանալեզու ուսանողները մշտապես արժանացել են Ավստրիայի ուշադրությանը: Մենք իրականացնում ենք բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր Ավստրիայի հետ, եւ այդ ծրագրերի արդյունքում մեր գրադարանում բացվեց ավստրիական գրադարանը, որի բացմանը ներկա էր նաև Ավտրիայի առաջին տիկինը: Մեր համալսարանը մնում է լեզուների մեծ կենտրոն, և սա է պատճառը, որ մենք սերտ կապեր ունենք Ավստրիայի հետ »:
Հյուրերը նշեցին, որ շատ ուրախ են Հայաստանի հետ համագործակցության համար, եւ համալսարանում ուսանող 500 գերմանալեզու ուսանողների համար այս համագործակցությունը կարող է Ավստրիայում ուսանելու համար շարժիչ հանգամանք հանդիսանալ:
Արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում լինելու պատվի համար: Ամենայն բարիք հայտնելով միմյանց կողմերը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով:
Ավստրիացի, գրող, հումանիստ Ֆրանց Վերֆելի անվան ԵՊԼՀ գրադարանը հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 28-ին: Այնտեղ ներկայացված է ավստրիական մշակույթի, փիլիսոփայության, պատմության և այլ ոլորտներին վերաբերող գրականություն:
Կարդացեք նաև
Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ